Հոկտեմբերի 19-ին ընդդիմության հանրահավաքից հետո տասնյակ լրագրողներ, որոնք լուսաբանել են այդ ակցիան, ոստիկանության կողմից ճնշման են ենթարկվել։ Դա արտահայտվել է նրանով, որ զանգահարել են լրագրողների բջջային հեռախոսներին եւ պահանջել ներկայանալ ոստիկանություն ու բացատրել իրենց մասնակցությունը Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի բողոքի ցույցերին։ Այս մասին հայտնում է contact.az-ը։

Լրագրող Իսլամ Շիխալին Facebook-ի իր էջում գրել է, որ իրեն զանգել են 10-րդ բաժնից եւ պահանջել են ներկայանալ ոստիկանություն ու բացատրություն տալ հոկտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ։

«Ես զանգողին պատասխանեցի, թե որտեղ, երբ եւ ինչու եմ ես գտնվում, իրեն չի վերաբերում, եւ որեւէ բացատրություն տալ չեմ պատրաստվում ու խնդրում եմ ինձ չանհանգստացնել»,- ասել է նա։

Նման իրավիճակ է նկարագրել նաեւ ֆոտոլրագրող Ֆարգանա Նովրուզովան, որը նույնպես լուսաբանել է հոկտեմբերի 19-ի հանրահավաքը։

Եւս 10 լրագրողներ հայտնել են ոստիկանության կողմից ճնշման մասին։ Լրագրողները ոստիկանության գործունեությունը գնահատում են որպես ԶԼՄ-ների մասին եւ ոստիկանության մասին ադրբեջանական օրենքների կոպիտ խախտում։

Սակայն ամենատագնապալին այն է, որ ոստիկանությունը հետեւում է հանարահավաքի ժամանակ լրագրողների բջջային զանգերին։ Դրանով իսկ կատարվում է քաղաքացիների անօրինական հետապնդում։ Պատահական չէ, որ զանգել են բոլոր լրագրողների հենց բջջային հեռախոսներին։ Բացի այդ, ոստիկանությունը զանգել է նույնիսկ նրանց, ում հետ լրագրողները հանրահավաքի ժամանակ խոսել են հեռախոսով։