«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին ժամանակներս իշխանական շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե տարաձայնություններ կան ՀՀ երկու նախկին նախագահների՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եւ նրանց թիմերի միջեւ:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին 168.am-ը հարցրեց, թե ինչպե՞ս նա կմեկնաբանի պաշտոնաթող նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ու իրենց թիմերի միջեւ առկա տարաձայնությունների մասին օրերս որոշ շրջանակների կողմից հասարակական-հանրային օրակարգ մտցված թեզը:

 «Հասարակության ներսում խորացող հիասթափությունն ու ապատիան, ինչպես նաեւ ոլորտային եւ տեղային հանրային դժգոհությունները սասանում են Նիկոլ Փաշինյանի պատվանդանը եւ խորացնում իր վախերը:

Նա, ավելի, քան երբեւէ, սարսափած է իր ապազգային եւ ապաշնորհ կառավարության դեմ հասունացող միասնական ճակատի գաղափարից որի կարեւորագույն դերակատարները կարող են լինել հենց Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ Ռոբերտ Քոչարյանը: Ուստի նրա քարոզչական ֆաբրիկան սկսել է արհեստական օրակարգ բուծել եւ տարածել»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը, սակայն, կարծում է, որ այդ ջանքերը նույնքան դատարկ են, որքան Զոհրաբ Մնացականյանին երեկ իրենց երիտասարդների փոխանցած ճամպրուկները: «Մենք շարունակելու ենք բարձրաձայնել Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործընթացի հակասահմանադրական եւ բացառապես քաղաքական լինելու մասին: Արել ու անելու ենք դա՝ թե երկրի ներսում, թե երկրից դուրս»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում