Ամերիկյան Apple կորպորացիան կարող է հավելյալ իրականության լրակազմ թողարկել 2022-ին եւ հավելյալ իրականության ակնոց՝ 2023-ին, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով The Information-ին:

Պարբերականի տեղեկություններով՝ ընկերության մենեջերներն այդ մասին հայտարարել են աշխատակիցների հետ ներքին հավաքի ժամանակ: Ավելի վաղ աղբյուրները հայտնել են, որ Apple-ը լրակազմ կամ հավելյալ իրականության ակնոց կթողարկի 2020-ին, սակայն մշակման հետ կապված դժվարությունների պատճառով ժամկետը երկարաձգվել է:

Apple-ում հավելյալ իրականության լրակազմը հայտնի է N301 կոդային անվանմամբ: Այն հիշեցնում է Oculus Quest վիրտուալ իրականության համակարգը:

N301-ը համատեղում է ինչպես հավելյալ, այնպես էլ վիրտուալ իրականության հնարավորություններն ու օգտագործում է արտաքին տեսախցիկները օգտատիրոջ շրջակայքի արտացոլման համար: 2021-ից ընկերությունը կդիմի մշակողներին՝ լրակազմի համար ծրագրային ապահովում մշակելու համար:

Հավելյալ իրականության ակնոցը նախատեսված կլինի ավելի երկարատեւ օգտագործման համար: Պարբերականի տեղեկություններով՝ այժմ այն նման է հաստ շրջանակով թանկարժեք արեւապաշտպան ակնոցի, որում տեղադրված են մարտկոց եւ չիպեր:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Apple-ը փորձարկել է լինզաներ, որոնք խամրել են աշխատանքի ժամանակ՝ հասկացնելու համար, որ օգտատերը զբաղված է: Մենեջերները հայտարարում են, որ հենց հավելյալ իրականության ակնոցը կարող է փոխարինել iPhone-ն արդեն 10 տարի անց: