ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած «Բարձր տեխնոլոգիաների զարգացումը եւ Հայաստանի տնտեսության մրցունակությունը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը՝ կազմակերպված Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի եւ ԱՐՓԱ (Analysis, Research and Planning for Armenia) հիմնարկի (ԱՄՆ) կողմից:

Քննարկմանը մասնակցել են Համաշխարհային բանկի, գործադիր իշխանության, միջազգային կառույցների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ՀՊՏՀ գիտնականներ եւ դասախոսներ։

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար, իր խոսքում նշել է․ «Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետությունը տեխնոլոգիաների զարգացումը համարում է գերակա ճյուղ, սակայն հարց է ծագում, թե որքանով են այսօր Հայաստանում արտադրված տեխնոլոգիաները նպաստում մեր տնտեսության զարգացմանը։ Արդյո՞ք արտադրված տեխնոլոգիաները ինտեգրվում են հենց մեր տնտեսությունում, եւ արդյո՞ք մենք կարողանում ենք լիարժեք օգտագործել տնտեսության առանձին ճյուղերի՝ արդյունաբերության, գյուղատնտեսության ու այլ ոլորտներում նորարությունների, նանոտեխնոլոգիաների, գիտության այլ նվաճումների ներդրման եւ դրանց խթանների կիրառման հնարավորությունները», - իր խոսքում ասել է բուհի ղեկավարը՝ նախանշելով քննարկման թեման:

Տիգրան Խաչատրյանը, կարեւորելով քննարկման շրջանակը եւ ընտրված ձեւաչափը, իր ելույթում նշել է․«Չափազանց կարեւոր է բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում, բայց մրցունակ տնտեսություն ունենալու համար ոչ պակաս կարեւոր է նորարարությունների զարգացման ինտեգրումը տնտեսության մնացած ճյուղեր: Այս քննարկումն առիթ կլինի ծանոթանալու այն այլընտրանքային տեսակետներին, որոնք պետք են մեր ամենօրյա համագործակցությունն ուժեղացնելու եւ մեր առաջիկա անելիքներն ավելի հասցեական եւ արդյունավետ դարձնելու համար»։ Նախարարն անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթություններին, ոլորտում առկա միտումներին, ինչպես նաեւ պետական աջակցության առանձնահատկություններին: Նա առաջարկել է նախատեսվող աշխատանքային խմբի հետ համագործակցել ավելի ակտիվ՝ փորձելով նախանշել եւ քննարկել ՀՀ տնտեսության մրցունակության վրա ազդող հիմնական խնդիրները։

Քննարկմանը ելույթներով հանդես են եկել նաեւ․ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝  խոսելով բարձր տեխնոլոգիաների զարգացման եւ Հայաստանի մրցունակության խնդիրների մասին, ՀՊՏՀ Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը՝ «Ռենտագոյացնող տնտեսությունից անցում ինովացիոն տնտեսություն» թեմայով զեկուցմամբ եւ «ԱՐՓԱ» հիմնարկի նախագահ Հակոբ Փանոսյանը, որը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես նանոտեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության բարձր ներուժը, ինչպես նաեւ ղեկավարած կառույցի կողմից Հայաստանում իրականացվող միջոցառումներն ու մրցույթները: