«Պզո» մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանի թիկնապահ Նվեր Մուրադյանի քրեական գործը դատարանում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, NEWS.am-ը տեղեկանում է դատական-տեղեկատվական համակարգից։

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Նվեր Մուրադյանը 2019թ․ օգոստոսի 14-ին Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտակայքում, այնուհետեւ՝ Երեւան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի դիմացի հատվածում,ապա նաեւ շենքի ներսում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գրծադրելով եւ իշխանության ներկայացուցիչներին ու հասարակական կարգի խախտումը խափանող այլ անձանց դիմադրություն ցույց տալով։

Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանին։

Նվեր Մուրադյանին՝ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը։