Չինաստանի ԿԲ առաջարկած թվային ազգային արժույթը չի հավակնում լիովին վերահսկել լայն հանրությանը պատկանող տեղեկատվությունը։ Այս մասին ասել է Կենտրոնական բանկի բարձրաստիճան պաշտոնյան՝ ավելացնելով, որ նպատակն այն է, որպեսզի հավասարակշռվեն գաղտնիության խնդիրներն ու իշխանությունների տեղեկատվության պահանջմունքը, տեղեկացնում է Reuters-ը։

Չինաստանը պատրաստվում է դառնալ առաջին երկիրը, որը թվային ազգային արժույթ կմտցնի, ինչի զարգացմանն ուշադիր հետեւում են ֆինանսական ծառայությունների համաշխարհային ճյուղերը։

Facebook-ի առաջարկած Libra արժույթի եւ այլ կրիպտոարժույթների նման՝ Չինաստանի էլեկտրոնային վճարումների էլեկտրոնային արժութային համակարգը մասամբ կսնվի բլոքչեյնի տեխնոլոգիայից եւ կկենտրոնացվի թվային քսակներում։

Բայց չինական կրիպտոարժույթը Պեկինին ապահովում է աննախադեպ վերահսկողությամբ դրամական հոսքերի հանդեպ՝ իշխանություններին որոշակի վերահսկողություն տրամադրելով իր տնտեսության հանդեպ, որը չունի կենտրոնական բանկերի մեծ մասը։

«Մենք գիտենք, որ լայն հանրության պահանջը անանունության պահպանումն է։ Մենք այն կտրամադրենք մարդկանց, որոնք անանունություն են պահանջում իրենց տրանզակցիաներում»,- ասել է Չինաստանի Ժողովրդական բանկի Թվային արժույթի հետազոտման ինստիտուտի ղեկավար Մու Չանչունը։

«Բայց եւ միաժամանակ մենք կպահպանենք հավասարակշռությունը վերահսկվող անանունության եւ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաեւ հարկային հարցերի, ինտերնետում մոլախաղերի եւ ցանկացած էլեկտրոնային հանցավոր գործունեության դիմակայման միջեւ»,- ավելացրել է նա։

«Դա այն հավասարակշռությունն է, որը մենք պետք է պահենք, եւ դա մեր նպատակն է։ Մենք չենք ձգտում լիակատար վերահսկողության լայն հասարակությանը պատկանող տեղեկատվության հանդեպ»։