Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ՝ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ 14։00-ն: Նշենք, որ Մանվել Գրիգորյանը դատական նիստին ներկա չէր:

Պաշտպանները հայտնեցին, որ եղել են «Նաիրի» բկ-ում, բժիշկները Մ․ Գրիգորյանին թույլատրել են ներկա գտնվել դատական նիստին, ինչին ամբաստանյալը համաձայն է։ Ամբաստանյալի պաշտպաններն ասացին, որ տեղափոխման խնդիր կա, քանի որ Մ․ Գրիգորյանին կաթիլային սարք է միացված։Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչեւ ժամը 14։00-ը՝ Մանվել Գրիգորյանի ներկայությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։