Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին միջնորդություն է ներկայացրել:

Փաստաբանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 20-ին դատավորը մերժել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը, ընդ որում, նշվել է նախկին նախագահի կողմից քննությունից խուսափելու կասկածների բացակայությունը, իսկ քննության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ դատարանը հաստատեց, որ ռիսկերը նվազել են, սակայն դեռեւս պահպանվում են: Փաստաբանը հիշեցրեց նաեւ ՍԴ-ի որոշումները, որն այդ թվում նշել է որոշման հիմնավորման եւ կալանքի այլընտրանքի անհրաժեշտությունը: Նոյեմբերի 7-ին դատարանը կրկին մերժեց գրավի դիմաց ազատ արձակման մասին Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, ընդ որում, հիմնավորումներ չնշելով: Հաշվի առնելով դատարանի սուբյեկտիվ բացասական վերաբերմունքը՝ Հովհաննես Խուդոյանը միջնորդեց դատավորի ինքնաբացարկի մասին: Փաստաբանն օրինակ բերեց դատավոր Դանիբեկյանի այլ որոշումները, որոնք նա կայացրել է նման իրավիճակներում: Ընդ որում, դատավորի որոշումները ցույց են տալիս, որ նա ծանոթ է ինչպես Եվրոպական դատարանի պահանջներին, այնպես էլ ՍԴ որոշմանը:

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ մինչ ՍԴ-ի հայտնի որոշումը, օրենքում գրավի կիրառման հետ կապված մաս կար, եւ շատ դատավորներ առաջնորդվում էին եվրոպական պրակտիկայով: «Նման դատավորներից մեկը Դուք էիք, որն առաջնահերթ էր համարում Եվրոպական կոնվենցիան եւ ՄԻԵԴ որոշումները: Եվ Դուք բացարձակ ճիշտ եք վարվել, ինչն ավելի ուշ հաստատվեց»,- հիշեցրեց փաստաբան Հայկ Ալումյանը: «Հարցն այն է, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի դեպքում նման մոտեցում չցուցաբերեցիք: Դա մեզ թույլ է տալիս խոսել երկակի ստանդարտների մասին»,- շարունակեց նա:

Փաստաբաններ Արամ Վարդեւանյանն ու Ռուբեն Սահակյանը եւս ներկայացրեցին իրենց փաստարկները: Սահակյանը հիշեցրեց, որ դատավորը «հիմնավորել է» որոշումը կարճ ստանդարտ ձեւակերպմամբ: Ռոբերտ Քոչարյանին ուղղված դատավորի հարցին, թե արդյոք նա միանում է միջնորդությանը, նախկին նախագահը նկատեց. «Իսկ Դուք կասկածո՞ւմ էիք»: Այլ մեղադրյալների փաստաբաններ միացան միջնորդությանը:

Մեղադրող կողմը հանդես եկավ միջնորդության դեմ: Դատախազներ Պետրոսյանի եւ Բաղդասարյանի կարծիքով՝ փաստաբանները սխալ են մեկնաբանում դատարանի ներկայացրած հիմնավորումները: Դատախազ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ միջնորդությունը կրկնվում է որոշակի նյուանսներով, եւ դա իրավունքի չարաշահման դասական օրինակ է, որը գործընթացը փակուղի մտցնելու նպատակ ունի: