Նոյեմբերի 11-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ քննարկմանն էր ներկայացրել օրինագիծ, որը վեճ հարուցեց իշխող «Իմ քայլը» խմբակցության խորհրդարանականների միջեւ, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Բագրատյանի խոսքով՝ օրինագծի նպատակն է պարզեցնել ռազմական նշանակության արտադրանքի ներկրման գործընթացը՝ սահմանին 2016 թվականի ապրիլի նման ռազմական լարվածության առաջացման դեպքում:

Նշենք, որ օրինագիծը ստացել է համապատասխան խորհրդարանական հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

Օրինագիծը հարուցեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների մտահոգությունը, մասնավորապես՝ Հովիկ Աղազարյանի: Նա հայտարարեց, որ այս օրինագիծը փաստացի կոչ է անում վերադարձ ֆիդայական շարժումների ժամանակաշրջան, ինչը, նրա կարծիքով, անթույլատրելի է: «Պատկերացրեք, թե ինչ կպատահի, եթե էսկալացիայի ժամանակ սահմանին զինվորը շրջվի եւ իր թիկունքում տեսնի մարդկանց, որոնք իրենց հետ վերցրել են 2 տուշոնկա, մյուսն իրեն օգնության է գալիս տանկով, երրորդն իր հետ ԲՏՌ է բերել, չորրորդը՝ հաց ու երշիկ: Այսպիսի իրավիճակում զինվորը հարց կտա՝ «իսկ որտե՞ղ է պետությունը», եւ այդ ժամանակ նա կանհանգստանա, եւ խուճապ կսկսվի»,- հայտարարեց Աղազարյանը՝ նշելով, որ սա իրեն հիշեցնում է «ֆիդայականության նոր տեսակ»:

Այս հայտարարությունը հարուցեց իր գործընկերոջ՝ Սասուն Միքայելյանի դժգոհությունը, որը տեղից հայտարարեց, որ բանակն ուժեղ է տնտեսությամբ, եւ որ ֆիդայիներին պետք է վերաբերվել մեծագույն հարգանքով: «Մենք միշտ ուզում ենք քաղաքականությունից անջատենք ֆիդայական շարժումը կամ «Երկրապահը», իսկ դուք բերում միացնում եք: Նման բան չի կարելի անել, չի կարելի էդքան ցածրացնել ֆիդայությունը: Ֆիդայիներն են եղել, որ թուրքի մաման լացացրին 700 տարի հետո, ծնկի բերին, ու էսօր ոռնում են, թե Խոջալուում գենոցիդ ա եղել: Ինձ էլ մի օր դրա համար կդատեք, որ մասնակցել եմ»,- հայտարարեց Միքայելյանը: