Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների եւ աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպման ժամկետի եւ օրակարգի ձեւավորման հարցերը:

ԱԺ նախագահը մշտական հանձնաժողովների ղեկավարներին առաջարկել է մինչեւ աշխատանքային շաբաթվա վերջ ներկայացնել քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ առաջարկություններ:

Այնուհետեւ անդրադարձ է կատարվել նստաշրջանում ներառված եւ ԱԺ հերթական նիստում ներկայացվելիք օրինագծերի հանձնաժողովային քննարկումներին եւ խորհրդարանում պետական բյուջեի նախագծի քննարկման պլանավորման հարցերին: