Հայաստանում ներդրված է կեղծված արտադրանքի դեմ պայքարի շատ ուժեղ համակարգ, ինչի արդյունքում երկիրը ԵՏՄ-ում ամենաարդյունավետներից է այս համատեքստում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 12-ին ասաց  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկայնացման, տեղեկատվա-հաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Կարինե Մինասյանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանում մակնշավորման տակ է գտնվում ավելի քան 250 ապրանք, եւ վերահսկողությունը շատ բարձր է, իսկ նոր համակարգի ներդրումից հետո կեղծված արտադրանքի բաժինը երկրում նվազել է 30-40 տոկոսով։ «Կեղծված արտադրանքը հիմնականում բաժին է ընկնում թեթեւ արդյունաբերության ճյուղին»,- ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ հանձնաժողովում քննարկվում է երկու առավել լուրջ մեխանիզմ՝ հետեւման եւ մակնշավորման, եւ դրա հետ կապված՝ կարեւոր է ստեղծել միասնական համակարգ, որը թույլ կտա բիզնեսին առանց հավելյալ խոչընդոտների թափանցել շուկաներ։

Մինասյանի խոսքով՝ Հաաստանում էլեկտրոնային միջազգային առեւտուրն ավելի արագ է զարգանում, եւ երեք տարվա ընթացքում միջազգային առաքումներն ավելացել են 10 անգամ։ Այսօր սպառողը պաշտպանված չէ կեղծված արտադրանքից, որը գալիս է խոշոր միջազգային պլատֆորմներից, եւ հաճախ հասնում է այնտեղ, որ պատվիրատուն ստանում է այլ ապրանք կամ այլ որակի ապրանք։ «Կարեւոր է  ստեղծել այնպիսի համակարգ, որպեսզի նման խոշոր պլատֆորմների հետ, ինչպիսին են «Ալիբաբան», «Ամազոնը», հարաբերությունները կառուցվեն միության մակարդակով»,- ամփոփել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-13-ին Երեւանում տեղի է ունենում «Հակակեղծում 2019» 7-րդ համաժողովը՝ նվիրված արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու խնդիրներին, այդ թվում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը: