Առանց բովանդակային օրակարգի Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումն անարդյունավետ կլիներ, չնայած դրան, Ռուսաստանի նախագահը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԲԿ-ը:

Ավելի վաղ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին:

«Մենք երախտապարտ ենք Նազարբաեւին եւ բարձր ենք գնահատում մեր ղազախստանցի գործընկերների, Նազարբաեւի ջանքերը ռուս-ուկրաինական հարաբերությունների հարթման ուղղությամբ: Դուք գիտեք, որ նախագահ Պուտինը կողմ է հարաբերությունների վերականգնմանը, սակայն դա անհնար է անել առանց Կիեւի կողմից փոխադարձության»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ: «Մենք այժմ կենտրոնացնում ենք բոլոր ջանքերը «նորմանդյան ձեւաչափով» հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»,- ասել է նա:

Պեսկովի խոսքով՝ Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպելու համար կան «մեծ պաշարներ», սակայն Կրեմլը Կիեւի կողմից նախապատրաստական աշխատանքներ է ակնկալում: «Կան ըմբռնումներ, որոնք ձեռք են բերվել Մինսկում շփման խմբի կողմից եւ մի շարք պարտավորություններ, որոնք ստանձնել է ուկրաինական կողմը»,- նշել է նա: