ԵՊՀ-ն պարզաբանում է տարածել կապված «Հրապարակ» օրաթերթի այսօրվա հրապարակման հետ, որտեղ նշվում է, որ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն իր մոտ է կանչել դեկաններին, «ինստրուկտաժ» արել եւ ասել՝ «Էական չէ՝ ուսանողները դասի կգան, թե չէ, կարող եք ասել` չգան, բայց թող չմասնակցեն էդ միտինգին, մեր բուհից որեւէ մեկը չպետք է մասնակցի»։

Այս առնչությամբ ԵՊՀ-ի տարածած պարզաբանման մեջ նշվում է. «Նշված մեջբերումը ոչ միայն ԵՊՀ ռեկտորի ԺՊ պարոն Գ. Գեւորգյանի ոճը չէ, այլեւ դեկանների հետ հանդիպման ժամանակ նման խնդիր ընդհանրապես չի քննարկվել։ Դասադուլի վերաբերյալ քննարկում եղել է նոյեմբերի 6-ին՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի, Հայ բանասիրության եւ Պատմության ֆակուլտետների դեկանների, ամբիոնի վարիչների եւ ուսանող ակտիվիստների մասնակցությամբ, ինչից հետո պարոն Գ. Գեւորգյանը հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, որտեղ որեւէ հարց անպատասխան չի մնացել:

Ինչ վերաբերում է դեկանների հետ հանդիպումներին, ռեկտորի ժ.պ. պարոն Գեղամ Գեւորգյանն արդեն ասել է վերոնշյալ հարցազրույցում, որ սկսում է դեկանների հետ քննարկումներ՝ ուսման վարձերի եւ ընդունելության հետ կապված այլ հարցերի վերաբերյալ։ Դեկանների հետ հանդիպումներ եղել են նոյեմբերի 8-ին, 11-ին, ինչպես նաեւ լինելու են այսօր ու վաղը. յուրաքանչյուր հանդիպմանը մասնակցում է 4-6 դեկան։ Ի դեպ, հանդիպումները լինում են ոչ թե վաղ առավոտյան, ինչպես տեղեկացնում է «Հրապարակ»-ը, այլ ժամը 13.00-ին։

Պահանջում ենք, որ «Հրապարակ» օրաթերթը, ինչպես նաեւ այն ԶԼՄ-ները, որոնք արտատպել են կեղծ տեղեկատվությունը, հրապարակեն հերքում, հակառակ դեպքում ԵՊՀ-ն ստիպված կլինի դա պահանջել դատական կարգով»:

«Հրապարակ». ԵՊՀ-ն ալեկոծված է. Պեռտորի ԺՊ-ն կանչել է դեկաններին՝ «մեր համալսարանից չպետք է «թիվ» գնա վերեւներ»