Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաեւ մի շարք պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ: Համաժողովի բացմանը ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վանգ Քիշանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում համաժողովի գրադարանին է հանձնել խորհրդանշական նվեր` Հայկ Դեմոյանի «Le Sport» գիրքը, որը պատմում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի եւ մարզական ակումբների մասին:

Անդրադառնալով գրքին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հրաշալի պատմական լուսանկարների միջոցով այն պատմում է 1915 թվականի ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ունեցած մարզական ակումբների եւ մարզական նվաճումների մասին:

Գրքում կարելի է տեսնել հայ մարզիկների լուսանկարներ` տղամարդիկ եւ կանայք, ովքեր զբաղվում էին սպորտով, գովազդներ, որոնք կանանց խրախուսում էին վարժանքներ անել եւ սպորտով զբաղվել:

Եվ դա տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում, մի հասարակության մեջ, որը ավելի քան պահպանողական էր կանանց սոցիալական եւ ֆիզիկական գործունեության հարցում: Ի հեճուկս այդ ամենի, հայերը հիմնել են մարզական ակումբներ, որոնք նպաստում էին քրիստոնյաների եւ գերիշխող մահմեդական համայնքների միջեւ խաղաղությանն ու խաղաղ գոյակցությանը:

Այնուհետեւ կառավարության ղեկավարն այցելել է համաժողովի շրջանակում բացված  IDEA հիմնադրամի տաղավար, որտեղ ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին` հիմնադրամի գործունեությանը, այդ թվում` «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության մասին պատմող նյութերին: Տաղավարում ներկա էր նաեւ «Ավրորա»-ի մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինան: