Մենք զարգացնում եւ իրականացնում ենք հավասարակշռված մոտեցման գաղափարը բիզնեսի եւ պետության փոխգործակցությունում, որպեսզի չավելացնենք բիզնեսի բեռը եւ չխափանենք պետական մարմինների կառավարման արդյունավետությունը։ Այս մասին «Հակակեղծում 2019» միջազգային համաժողովում Երեւանում նոյեմբերի 12-ին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկայնացման, տեղեկատվա-հաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Կարինե Մինասյանը։

Նա նշել է, որ հաճախ շահերի բախում է առաջանում, երբ բիզնեսը ցանկանում է Եվրասիական տնտեսական միությունում շարժվել  հեշտ եւ անխոչընդոտ, առանձին պետությունների հետ, որոնք ձգտում են ներմուծել անվտանգ արտադրանք։ «Ամենամեծ խնդիրը բիզնեսի համար անորոշությունն է, երբ այն չգիտի, թե ինչ պահանջներ են իրեն ներկայացվելու ԵՏՄ մեկ այլ երկրում։ Դա վկայում է միության մասնակից երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման անհրաժեշտության մասին»,- ասել է Կարինե Մինասյանը։

Նախարարն ընդգծել է ապրանքների մակնշման եւ հսկման կարեւորությունը կեղծումների դեմ պայքարի համատեքստում։ «Մակնշումը ԵՏՄ-ում արդեն գործում է մուշտակների համար եւ արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը։ Այժմ աշխատանքներ են տարվում կոշիկի մակնշման ուղղությամբ»,- ամփոփել է ԵՏՀ նախարարը։