Տվյալ օրենսդրական փաթեթով ծրագրվում է խստացնել Հայաստանի տարածքում ջրօգտագործողների միության ղեկավարների համար պահանջները: Այս մասին նոյեմբերի 12-ին ԱԺ նիստում Ջրային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, փաթեթի հեղինակ Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ տվյալ օրինագծի ընդունումը պայմանավորված է օրենսդրական մակարդակով ջրօգտագործողների միությունների ղեկավար կազմի արհեստավարժության մակարդակի պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Օրինագիծը նաեւ հիմնավորում է արտոնությունների օրենսդրական կարգավորումը, որը տրամադրվում է ջրային ընկերությունների կողմից առանձին ջրօգտագործողներին:

Օրենսդրական փաթեթի համաձայն՝ որպես գործադիր տնօրեններ կարող են ընտրվել ՀՀ աշխատունակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգում ղեկավար կազմում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ, կամ առնվազն 3 տարվա փորձ բիզնեսի կամ կառավարման ոլորտում ղեկավար կազմում:

Նշենք, որ նույն պահանջները կիրառվում են նաեւ անձանց նկատմամբ, որոնք մտադիր են ջրային տնտեսության միության նախագահի պաշտոն զբաղեցնել: