Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հանել է տեխնիկական մի շարք պատնեշներ եւ նպաստել փոխադարձ առեւտրի ինտենսիվացմանը Երեւանի եւ Մոսկվայի միջեւ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 12-ին ասաց Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար, ՌԴ հավատարմագրման Դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Խերսոնցեւը։

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը   պետք է գնահատել շատ բարձր, ինչի մասին վկայում է ռուսաստանյան շուկայում հայկական արտադրանքի առկայության աճը, եւ հակառակը։ «ԵՏՄ-ն գործում է ոչ այնքան երկար, եւ եթե ինչ-որ անհարթություններ կան, ապա դրանք կվերացվեն, ինչը նույնպես կնպաստի տնտեսական համագործակցության զարգացմանը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-13-ը Երեւանում ընթանում է «Հակակեղծում – 2019» VII միջազգային համաժողովը՝ նվիրված արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու խնդիրներին, այդ թվում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը: