Մոլդովայի խորհրդարանը երեքշաբթի օրվա նիստում անվստահություն հայտնեց Մայա Սանդուի կառավարությանը, տեղեկացրել է խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանին, փոխանցել է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը նախաձեռնել էր խորհրդարանում Սանդուի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի քննարկումը, կառավարության հրաժարականի համար հարկավոր էր 101 հնարավորից 51 ձայն։

«63 ձայնով անսվտահությունը կառավարությանը հաստատվեց»,- ասել է Գրեչանին։

Սոցիալիստների նախաձեռնությանն աջակցեցին Դեմոկրատական կուսակցության պատգամավորները։ «Շոր» կուսակցության խմբակցությունը եւ ACUM դաշինքի երկու խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը։

Մոլդովայի պատմության մեջ չորրորդ անգամ է, երբ կառավարությունը հրաժարական է տալիս խորհրդարանի անվստահության պատճառով։

Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանը որոշում էր ընդունել, որի համաձայն՝ թեկնածուներին պետք է ընտրեր արդարադատության նախարարության հատուկ հանձնաժողովը, բայց արդարադատության նախարար Օլեսյա Ստամատեն չեղյալացրել է մրցույթի արդյունքները, քանի որ կասկածներ է ունեցել ընտրական հանձնաժողովի անդամների օբյեկտիվության եւ թեկնածուների անաչառության հարցում։ Վարչապետ Սանդուն պարտավորվել է խորհրդարանի առջեւ անձամբ ընտրել թեկնածուներին գլխավոր դատախազի պաշտոնում։ Սոցիալիստների կուսակցությունը մեղադրել է վարչապետին համագործակցության համաձայնությունը խախտելու եւ կառավարության հրաժարականը սադրելու մեջ։

Դոդոնը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է աջակցել կառավարության վերադասավորումներին, եթե դրանք անհրաժեշտ են կառավարության աշխատնքի արդյունավետության բարձրացման համար։ Նա նշել է, որ դժգոհ է որոշ նախարարների աշխատանքից։

Մոլդովայում հունիսի սկզբին նորից սրվեց քաղաքական իրավիճակը։ Ռուսամետ սոցիալիստների կուսակցությունը եւ ACUM եվրոպամետ դաշինքը հունիսի 8-ին ձեւավորեցին խորհրդարանական մեծամասնություն, եւ եկիրը երեք ամիս սպասելուց հետո նոր կառավարություն ունեցավ։ Բայց այն ժամանակ կառավարող Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Պավել Ֆիլիպը ցանկանում էր արտահերթ ընտրություններ նշանակել սեպտեմբերի 6-ին։ Մի քանի օր անց Դեմոկրատական կուսակցությունը հայտարարեց, որ Ֆիլիպի կառավարությունը ինքնակամ հրաժարական է տալիս։ Մոլդովայի ՍԴ-ն պաշտոնապես ճանաչեց նոր կառավարությունը հունիսի 15-ին։