Հունգարացի ազնվականական Հալեր ընտանիքի ամառանոցը (XVI-XIX դարեր) Ռումինիայում հանվել է աճուրդի՝ 50 հազար եվրո մեկնարկային գնով։ Այս մասին տեղեկացրել է օբյեկտի վաճառքով զբաղվող Artmark աճուրդների տունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ընկերության տեղեկատվությամբ՝ շինությունը, որը գտնվում է Քաջ Միխայ գյուղի մուտքի մոտ (Մուրեշ գավառ), կառուցվել է XVI դարում։ «Հալեր ընտանիքը բազմաթիվ կալվածքներ ուներ, իսկ այստեղ գալիս էին, երբ հանգիստ ու անդորր էին ցանկանում»,- ասել է տեղի բնակիչներից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն ազգայնացրել են։ Մինչեւ 1989 թվականը այնտեղ գտնվել է սովխոզի աշխատակազմը, իսկ հետո այն գնել է տեղի ֆերմերը։

Artmark-ում ընդունել են, որ լոտի վիճակը գոհացուցիչ չէ. «Ցավոք, ժամանակի ընթացքում ամրոցը կորցրել է նախկին վեհաշուք տեսքը, եւ ներկայում միայն ավերակներ է հիշեցնում»։

Հնարավոր գնորդը պետք է իմանա, որ տրանսիլվանյան Մուրեշ, Ալբա եւ Կլուժ գավառներում կան մի քանի կալվածքներ, որոնք պատկանել են այդ ընտանիքին (Իոան Հալերն, օրինակ, 1734-1755 թվականներին եղել է Տրանսիլվանիայի նահանգապետը)։ Այդ կառույցներից շատերը, որոնք այժմ կոչվում են «Հալերի դղյակներ», վերանորոգվել են եւ ծառայում են որպես հյուրանոցներ եւ ռեստորաններ։

Ռումինական ամրոցների մեծ մասը գտնվում է Տրանսիլվանիայում։ Դրանք գրեթե բոլորը պատկանել են հունգարական ազգանուններ ունեցող ազնվականների՝ Տելեկի, Էստերգազի, Բատորի։ «Հին թագավորությունում»՝ Մոլդովայում եւ Վալախիայում, կառուցվում էին պալատներ եւ բոյարական կալվածքներ։ Իսկ նրանց անընդհատ սպառնացող Օսմանյան կայսրության դեմ պաշտպանությունը պահում էին ամրացված վանքերը, «գյուղացիական ամրոցները» եւ այլ ամրություններ։ Ռումինիայի ամենավաղ ամրոցները թվագրվում են ХII-ХIII դարերով։ Ռումինիայում գոյություն ունի ավելի քան հարյուր միջնադարյան ամրոց, որոնցից միայն մոտ մեկ տասնյակն է թանգարան, իսկ մյուսներում, որպես կանոն, տեղավորվել են սովխոզների աշխատակազմերը։

Ինչպես նշել է Cotidianul թերթը, ամրոց-դղյակների ոճային առանձնահատկությունը բյուզանդական տարրերի եւ գոթականի համադրումն է, ինչպես նաեւ սլավոնական ազդեցության կնիքը օսմանյան գծերի վրա։ Օրինակ, այդ ամրոցները դարձել են ոգեշնչման աղբյուր Ալեքսանդր Դյումայի եւ Ժյուլ Վեռնի համար։