Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար եւ նշել, որ կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով։

Իր հերթին վարչապետ Փաշինյանը եւս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետը նշել է, որ տարբեր առիթներով հանդիպումները նոր ազդակ են հաղորդում երկկողմ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։

Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հրատապ հարցեր, անդրադարձել  են նաեւ մուտքի արտոնագրերի ազատականացման ՀՀ-ԵՄ երկխոսության մեկնարկի ուղղությամբ իրականացվող քայլերին։

Կողմերը կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը եւ այդ ուղղությամբ ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն։