Լեգենդար մարսելցի գանգստեր Ժակ Էմբերը, որը հայտնի է «Խելագար» եւ «Անմահ» անուններով, մահացել է 89 տարեկան հասակում, հայտնում է տեղական Provence թերթը՝ հղում կատարելով նրա կնոջը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Քրիստին Էմբերը հայտնել է, որ իր ամուսինը մահացել է Էքս Ան Պրովանս կոմունայի հիվանդանոցներից մեկում, 90 ամյակից մեկ ամիս առաջ։

Էմբերը, որին անվանել են Ժակի Լե Մատ, ինչն էլ տեղի բարբառով նշանակում է «խելագար», 1960-1970-ական թվականներին ղեկավարել է Մարսելի՝ Ֆրանսիայի քրեական մայրաքաղաքներից մեկի խոշորագույն ավազակախմբերը։

Համարվում է, որ «Խելագար» անվանումը նա ստացել է պարտապանների հանդեպ վերաբերմունքի պատճառով։ Էմբերը, որն օդաչուի լիցենզիա ուներ, նստեցնում էր զոհին ինքնաթիռ եւ բարձրություն հավաքելուց հետո անջատում շարժիչը։ Դրանից հետո ինքնաթիռը ազատ անկում էր ապրում, եթե ուղեւորը չէր համաձայնում վճարել։

1977թ․ Էմբերի վրա հարձակում էր կատարվել, նա ավելի քան 20 տեղից վիրավորվել էր, սակայն ողջ էր մնացել։ Այս պատմության մոտիվներով 2010թ․ նկարահանվել է «Անմահը» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է եկել Ժան Ռենոն։

Վերջին տարիներին Էմբերը, որը Մարսելի մաֆիայի կենդանի լեգենդ էր, հեռացել էր քրեական գործունեությունից՝ կենտրոնանալով ձիավարժության եւ շոու բիզնեսի վրա։ Մասնավորապես, ինչպես հայտնում է թերթը, նախկին մաֆիոզին նժույգների ձիաբուծարան ուներ կինոաստղ Ալեն Դելոնի հետ միասին։