Լիբանանում ՄԱԿ-ի հատուկ համակարգող Յան Կուբիշը լիբանանյան իշխանություններին կոչ է արել արագացնել նոր կառավարության ձեւավորումը, ասվում է կազմակերպության ներկայացուցչի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հատուկ համակարգող Յան Կուբիշը Լիբանանի ղեկավարությանը կոչ է անում շտապ վարչապետ նշանակել, սկսել խորհրդարանական խորհրդատվությունների պարտադիր գոերծընթաց եւ առավելագույնս արագացնել նոր կառավարության ձեւավորման գործընթացը այն անձանցից, որոնք հայտնի են իրենց կոմպետենտությամբ եւ ազնվությամբ, վայելում են մարդկանց վստահությունը»,- ասվում է հատուկ համակարգողի գրասենյակի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Կուբիշի խոսքերով, կառավարության ձեւավորումը, որը կհամապատասխանի ժողովրդի ձգտումներին եւ կստանա քաղաքական ուժերի լայն աջակցությունը՝ խորհրդարանական վստահության քվեի միջոցով, Լիբանանի միջազգային գործընկերներին աջակցության համար դիմելու ավելի շատ հնարավորություն կտա։

Հատուկ համակարգողի կարծիքով, ծայրահեղ կարեւոր է, որպեսզի Լիբանանի իշխանությունները առաջնահերթ ուշադրություն դարձնեն երկրի արժութային, ֆինանսական եւ տնտեսական կայունության աջակցության համար անհետաձգելի միջոցառումներին։

«Ֆինանսատնտեսական իրավիճակը ճգնաժամային է, կառավարությունը եւ իշխանության մյուս մարմինները դրա լուծուման հարցում դանդաղելու հնարավորություն չունեն»,- նշել է Կուբիշը։ Նրա խոսքերով, անհրաժեշտ է սկսել այն միջոցառումներից, որոնք մարդկանց վստահություն կտան եւ կերաշխավորեն, որ նրանց օրինական խնայողությունները անվտանգության մեջ են։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Լիբանանի իշխանությունների անհետաձգելի եւ երկարաժամկետ միջոցառումները, որոնք կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարին, պատշաճ կառավարման ամրապնդմանը, կօգնեն աշխատատեղերի ստեղծմանը։

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հոկտեմբերի 17-ին ամբողջ երկրով մեկ սկսված հակակառավարական ցույցերից հետո հոկտեմբերի 29-ին հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Այն ժամանակ փակվել էին բանկերը, պետական հաստատությունները, դպրոցները եւ համալսարանները։ Լիբանանի նախագահը հոկտեմբերի 30-ին Հարիրիի գլխավորությամբ նախարարների կաբինետից պահանջել էր մինչեւ ժամանակավոր կառավարության ստեղծումը շարունակել կատարել իրենց պարտականությունները։

Կառավարության հրաժարականից հետո ժողովրդական զանգվածները չեն հանգստացել եւ շարունակել են խաղաղ ցույցերը՝ պահանջելով նոր պայմանների վրա ձեւավորված կառավարություն ստեղծել եւ տնտեսական բարեփոխումներ անցկացնել, որոնք կպահպանեն բնակչության իրավունքները, առաջին հերթին բանկային հատվածում։ Հարիրին նախկինի պես կարծում է, որ երկրին անհարժեշտ է տեխնոկրատների կառավարություն ստեղծել։