«Ինձ համար զավեշտալի է և հաճելիորեն զարմանալի, որ իշխանական խմբակցությունը մի ամբողջ օր շարունակ իր ամբողջ ուժն ու եռանդը կենտրոնացրել  է ԲՀԿ-ի առանձին պատգամավորներին կամ խմբակցությանն անդրադառնալու վրա»: Այս մասին այսօր`  նոյեմբերի 12-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասել է ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը`  հավելով, որ ամեն ինչ կարող էր ծիծաղելի լինել, եթե այսքան ողբերգական տարրեր իր մեջ չպարունակեր:

«Այստեղ հղումներ են կատարվում Ֆրեյդին: Ես պետք է հղում անեմ այն հոգեբանին, որն ասում է՝  նա, ով քեզ նյարդայնացնում է, փաստացի կառավարում է քեզ: Եթե առաջնորդվենք այս սկզբունքով, այսօրվա ամբողջ օրը ԲՀԿ-ին քննարկելն ինչ-որ մի բան նշանակում է»,- ասել է պատգամավորը:

Իվետա Տոնոյանի ասածին դահլիճից արձագանքեցին, ինչը դուր չեկավ ԲՀԿ-ական պատգամավորին. «Կարող ե՞ք այդ կողմից չճտտացնել կամ ծտտացնել: Ընդամենը կոռեկտություն ունեցեք ու լսեք: Եթե ցանկություն ունենանք, առանձին կանդրադառնանք»:

Տոնոյանը նաև խոսել է թերարժեքության բարդույթի մասին. «Երբ ընդհանրական գնահատական է հնչում, դուք, չգիտեմ ինչու, դա վերագրում եք ձեզ»:

Անդրադառնալով  հայտարարություններին, թե Հայաստանում երբեք նույնասեռականները երեխա չեն որդեգրել, հետևաբար Գեւորգ Պետրոսյանի նախագծերն իմաստ չունեն, Տոնոյանն ասել է, թե վերջին տարիներին բազմաթիվ երևույթներ են ի հայտ եկել, որոնք առաջ չեն եղել՝ տրանսգենդերները ոստիկանական բաժնի վրա չեն հարձակվել, ԿԳՍՄ նախարարն այլ սեռական կողմնորոշում ունեցող անձի չի ընդունել, կառավարության շենքի մոտ մեկ տասնյակ կուբացի տրանսգենդերներ չեն զբոսնել. «Ու մի բան էլ, երբ խոսում եք ԲՀԿ-ի հետագծի մասին, հիշեք, որ դուք առհասարակ հետագիծ չունեք, այն ընդամենը Գյումրիից Երևան ճանապարհն է՝ մոտ 120 կմ»: