Աշխարհի ամենահեռավոր վայրերից մեկում՝ Տիբեթի բարձրավանդակում դիտվում է շինարարական բում: Աշխարհում ամենաբարձր լեռնաշղթաներով շրջապատված տարածաշրջանը, որը վաղուց ի վեր հայտնի է որպես «աշխարհի տանիք», ներկայումս մտած է Չինաստանի արդիականացման ծրագրի մեջ, որով նախատեսված է երկնաքերների թվի մեծացում եւ արագընթաց երկաթուղիների ընդլայնում:

Չինաստանի կառավարությունը նաեւ ցանկանում է մշակել Յելլոուսթոունի սեփական տարբերակը Տիբեթի բարձրավանդակում՝ ԱՄՆ ազգային արգելոցների համակարգի նմանությամբ, հայտնում է Associated Press-ը:

Չինաստանից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից քաղաքական գործիչներն ու գիտնականները օգոստոսին հավաքվել էին Ցինհայ նահանգի մայրաքաղաք Սինինում՝ քննարկելու համար Չինաստանի՝ հստակ ստանդարտներով արգելոցների միասնական համակարգի ստեղծման ծրագրերը էկոհամակարգերի պաշտպանության համար:

Երկրի տնտեսությունը վերջին 40 տարում բուռն աճ է ապրել, բայց ներկայումս առաջնահերթություններն ընդլայնվում են եւ ներառում առանցքային բնական պաշարների պահպանումը, ասում է Բնության պահպանության միջազգային միությունում Չինաստանի ներկայացուցիչ Չժու Չունցյուանը: Նրա խոսքով՝ անչափ կարեւոր է հնարավորինս արագ որոշել վայրերը, էկոհամակարգերը եւ բնական այլ օբյեկտները դրանց պաշտպանության համար: