Նոյեմբերի 12-ից 13-ն Երեւանում անցկացվել է «Антиконтрафакт–2019» 7-րդ միջազգային համաժողով, որին մասնակցել են նաեւ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:   Համաժողովում քննարկվել են մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության եւ արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները:

Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները մասնակցել են «Մտավոր սեփականությունը ԵԱՏՄ-ում․ ապագան առանց կեղծված արտադրանքի» թեմատիկ քննարկումներին: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության եւ կառավարման բաժնի պետ Ռաֆայել Գրիգորյանը համակարգել է «Մաքսային մարմինների դերը եւ խնդիրները մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում» թեմայով կլոր սեղանի աշխատանքները: Մասնակիցներն անդրադարձել են մաքսային մարմինների եւ մասնավոր կազմակերպությունների համագործակցության անհրաժեշտությանը եւ հեռանկարներին՝ մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանության եւ ապրանքների ապօրինի շրջանառությանը հակազդելու նպատակով։ Երկօրյա համաժողովում քննարկվել են նաեւ մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում մաքսային մարմինների առջեւ ծագող մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները:

ՊԵԿ իրավաբանական վարչության մաքսային գործի եւ մտավոր սեփականության պաշտպանության ընթացակարգերի բաժնի պետ Անդրանիկ Գեւորգյանը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության եւ կառավարման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Ռուզաննա Կուսիկյանը ներկայացրել են Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանության միջոցներն ապահովող իրավական դաշտն ու դատական պրակտիկան եւ ՊԵԿ-ի կողմից ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում կիրառվող մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմը, որով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաղթող է ճանաչվել Թբիլիսիում կայացած  «GITI 2019» կիբերանվտանգության եւ ՏՏ նորարարությունների կոնֆերանսի շրջանակներում անցկացված մրցույթում՝ «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում։

Նշենք, որ «Антиконтрафакт» համաժողովը Եվրասիական տնտեսական միության շրջանակում քննարկումների կարեւոր հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ԵԱՏՄ անդամ պետությունների պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին, խոշոր կազմակերպությունների ղեկավարներին, միջազգային փորձագետներին, գիտության եւ հանրության  ներկայացուցիչներին համատեղ քննարկել արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության, այդ թվում՝  կեղծված արտադրանքի շրջանառության, շուկաների պաշտպանության խնդիրները, ինչպես նաեւ կառուցողական երկխոսության արդյունքում մշակել համատեղ լուծումներ ընդհանուր քաղաքակիրթ շուկայի ձեւավորման համար: