ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր հայտարարությամբ նսեմացրեց  մեր գիտնականի դերը՝ մեզ պիտակելով կաշառակեր, հայոց լեզուն բուհերից հանելը հիմնավորելով նաեւ այն փաստարկով, որ դրանով կանխում է կոռուպցիոն ռիսկերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը:

«Նաեւ նշվեց, թե կուրծք են ծեծում հիմնականում այն դասախոսները, որոնք վախենում են կորցնել իրենց ժամերը: Այո, կար այդ միտքը եւ ես չէի ամաչում ընդգծել, որ գիտնականն է զրկվում աշխատանքից: Բայց հիմա ես ասում եմ՝ այո, կրճատեք մեր ժամերը: Ես գիտնական եմ եւ 800 ժամից ավելի պարապում եմ եւ դրա դիմաց ստանում եմ կոպեկներ: Ես ասում եմ՝ կրճատեք իմ ժամերը, ինձ տվեք կես դրույք, բայց բացեք գիտական ֆոնդեր, թող պետությունը հովանավորի եւ ես զբաղվեմ լեզվաբանության զարգացմամբ: Երկու տարում խոստանում ենք սեղանին դնել 10 դասագիրք՝ բոլորովին նոր մեթոդներով, ըստ առանձին ֆակուլտետների: Ինձ հովանավորեք, ես զարգացնեմ գիտություն»,-ասաց դասախոսը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են անում՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

Նոյեմբերի 7-ին երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարվեցին դեպի նախարարությունների շենք եւ այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: