Սեւանում ձկան որսը եւ դրա վաճառքը լուծում են Գեղարքունիքի մարզի բնակիչների սոցիալական խնդիրները, ուստի բացի վարչարարության խստացումից, անհրաժեշտ է կիրառել նաեւ ոլորտի կարգավորման տնտեսական մեխանիզմներ: Այս մասին նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության փոխնախարար Վարդան Մելիքյանը:

Նրա խոսքով՝ սիգի եւ ընդհանրապես Սեւանի ձկան խնդիրը երկու կողմ ունի՝ որս եւ վաճառք: «Եթե որսը որոշակի սեզոններին արգելված է, ապա վաճառքի առումով այդպիսի սահմանափակումներ չկան, եւ այս իմաստով կան օրենսդրական խնդիրներ: Վաճառողները կարող են ասել, որ իրենք չեն որսացել ձուկը, այլ գնել են մեկ ուրիշից»,- պարզաբանեց նա:

Մելիքյանը նշեց, որ ձկան ապօրինի որսը գրանցվում է տեսուչների կողմից, սակայն դա անբավարար է, քանի որ Երեւանում սիգի առկայությունը վկայում է խնդրի չլուծված լինելու մասին: «Առաջին հերթին անհրաժեշտ է գրանցել Սեւանում ձկան հստակ քանակությունը, որն իրականացվելու է մասամբ համապատասխան սարքավորման օգտագործմամբ»,- հավելեց նա:

Փոխնախարարը չբացառեց, որ լճում ավելի շատ ձուկ կա, քան նշում են մասնագետները, եւ հետազոտություններ անցկացնելուց հետո, հնարավոր է, արդյունաբերական որսը թույլատրվի սահմանափակ քանակությամբ, ինչը թույլ կտա լուծել նաեւ մարզի բնակչության զբաղվածության հարցը: «Եթե հիմա 3 հատը վաճառվում է շատ ցածր գնով՝ ընդամենը 1000 դրամով, ապա ոլորտի կարգավորման դեպքում ձկան որսով եւ վաճառքով զբաղվող մարդիկ կարող են նույնքան վաստակել, բայց ավելի քիչ թվով ձուկ վաճառելով»,- կարծում է պաշտոնյան:

Ըստ փոխնախարարի՝ մարզում մոտ 1000 նավակ կա, որոնք, հավանաբար, օգտագործվում են ձուկ որսալու համար, բայց փաստ չէ, որ այդ ամենը բացարձակապես անօրինական է: «Ամեն դեպքում նախատեսվում է հերթապահություն սահմանել անօրինական որսը կանխելու համար: Դրանից բացի, շուտով նախաձեռնվելու են օրենսդրական փոփոխություններ՝ գոյություն ունեցող բացերը լրացնելու նպատակով»,- եզրափակեց նա: