Մենք առաջարկում ենք փոխել օրենքի գործողության մեկնարկի ժամկետը՝ գործողության սահմանափակ ժամկետը երկարացնելով 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 1: Այս մասին նոյեմբերի 13-ին ԱԺ նիստում «Ֆինանսական հավասարեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Ըստ նրա՝ այսինքն 2020 եւ 2021 թվականներին նույնպես նախատեսվում է սահմանափակել «Ֆինանսական հավասարեցման մասին» օրենքի կիրառումը:

Նշենք, որ օրենքն ուղղված է համայնքների ֆինանսական հնարավորությունների միջեւ տարբերության կրճատմանը՝ դրանց ներդաշնակ զարգացմանը նպաստելու համար, ինչպես նաեւ բոլոր համայնքներում նվազագույն քանակությամբ ծախսեր իրականացնելու հնարավորությունների ստեղծմանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունների կատարման համար:

Ընդ որում՝ ֆինանսական հավասարեցման սկզբունքներից են համայնքների ֆինանսական հնարավորությունների միջեւ անհավասարության մեղմացումը, անհատույց եւ ոչ նպատակային դոտացիաները, որոնք համայնքներին են հատկացվում պետական բյուջեից, համայնքների ազատության եւ ինքնավարության պահպանումը իրենց լիազորություններն իրականացնելիս եւ ֆինանսական պաշարներն օգտագործելիս, պետական բյուջեից հատկացվող դոտացիայի ընդհանուր նվազագույն գումարի որոշումը, ըստ առանձին համայնքների պետական բյուջեից հատկացվող դոտացիաների չափի հաստատումը: