Տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար եւ բաղկացուցիչ մաս. այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում եւ թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ մասին բազմիցս ահազանգել են ռասիզմի եւ այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպություններ:

Այս ամենը նախորդ բոլոր իշխանություններին բերել է այն համոզմանը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Սա եղել է ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլեւ ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը մի քանի անգամ վերահաստատվել է նաեւ Հայաստան-սփյուռք համաժողովներում՝ որպես համայն հայության միասնական տեսակետ:

Փաշինյանը ֆրանսահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ իր հանդիպմանն ասել է, որ իբրեւ «ձեւավորում է բոլորովին նոր ասելիք» Ղարաբաղի հարցում՝ կրկին չհստակեցնելով թե ինչ ասելիք է դա:

Դա դեռ բավական չէ, ըստ Փաշինյանի՝ պարզվում է, որ այդ դեռեւս անհայտ «նոր ասելիքը» նաեւ շատ շուտով համայն հայության նույնական կարծիքն է լինելու: Տարօրինակ երեւույթները են տեղի ունենում Հայոց Աշխարհում:

30 տարի հակամարտությունն ապրում է, 30 տարիների ընթացքում պատերազմներ ու մարտական գործողություններ ենք անցել, բանակցային բազմաթիվ հանդիպումներ ու քննարկվող տարբերակներ տեսել, ունեցել ենք տարբեր երկրներից եկող նախաձեռնություններ,մեծ դժվարությամբ ընդգծվել են կարգավորման սկզբունքներն ու նորմերը, բանակցությունները մի քանի անգամ ընդհատվել ու այնուհետեւ վերսկսվել են: Եվ այս ամենից հետո, միթե Փաշինյանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապես գտել է խաղաղ կարգավորման այն բանաձեւ, որը «բոլորովին նոր ասելիք է», եւ պարզվում նաեւ, որ առանց որեւէ մեկի գիտության հանդիսանալու է նաեւ համայն հայության միասնական տեսակետը:

Միթե Փաշինյանը գիտի թե ինչպես անել, որպեսզի Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունն իր ներկայիս տարածքների վրա, ու լիարժեք երաշխավորի զերծ մնալ Արցախի անվտանգության սպառնալիք հանդիսանալուց:

Իմ պատկերացրած նոր ասելիքը սա է ու համայն հայության 100 տոկոսով նույնական տեսակետն էլ միայն սա կարող է լինել: