Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ընթացող  «Սասնա Ծռերի» գործով ամբաստանյալների հարցաքննության ժամանակ դատարանը դատական սանկիցա կիրառեց գործով պաշտպան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։

Դատավոր Մեսրոպ Մակյանը ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանին հարցրեց՝ արդյոք ինքը Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքների մասին իր ընկերներից ինչ-որ բան իմացե՞լ է, դատավորը նաեւ ընդգծեց, որ նախորդ դատական նիստին գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանն իր ցուցմունքում որոշակի հանգամանքներ էր նշել՝ կապված Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքների մասին։

Գագիկ Եղիազարյանն ասաց, որ տեղյակ չէ, չի հարցրել. «Գործով ռեժիմն ամեն ինչ անում էր, որ մեզ հրեշացներ։ Պավել Մանուկյանի չի հնչեցրել որեւէ բան, որն ինձ հետաքրքրի, որ ես հարցադրում անեմ։ Էդվարդ Գրիգորյանն էլ չգիտի, թե ինչով էր պայմանավորված ոստիկանի մահվան հանգամանքները»։

Զարուհի Փոստանջյանն էլ առարկեց դատարանի հարցի վերաբերյալ, եւ նշեց, թե դատարանը խեղաթյուրում է գործի վերաբերյալ նյութերը։

Մեսրոպ Մակյանն էլ հորդորեց Փոստանջյանին՝ խոսել հարգալից տոնով, ինչից հետո կիրառեց դատական սանկցիա. «Խոսեք դատարանի հետ հարգալից տոնով, եւ ձեր նկատմամբ կիրառվում է դատական սանկցիա՝ նկատողության ձեւով, որի մասին տեղյակ կպահվի փաստաբանների պալատում»։

Սակայն Փոստանջյանը չենթարկվեց դատարանի հորդորին, չլռեց, որից հետո դատարանը երկրորդ սանկցիան կիրառեց։