Ապօրինի ծառահատումների ռիսկը մեծանում է ձմռան շրջանում, քանի որ մարդիկ ջեռուցման խնդիր են լուծում։ Բայց իշխանությունների քաղաքականությունը կոշտ վարչարարության մասով չի փոխվել, ինչը արդյունքներ է տալիս շնորհիվ ոչ միայն մեր գերատեսչության, այլ նաեւ Բնության պահպանության տեսչական մարմնի եւ ոստիկանության աշխատակիցների ջանքերի, որոնք վերահսկողություն են իրականացնում ստեղծված կետերում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 13-ին ասաց Հայաստանի շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը։

Միաժամանակ, պաշտոնյան նշել է, որ Տեսչական մարմինն աշխատում է միայն աշխատանքային օրերին ժամը 09.00-ից մինչեւ 18.00-ն, ուստի նրանք մենակ չեն կարող վերահսկել բոլոր գործընթացներն ամբողջ օրը։ « Դրա հետ էլ կապված է եւ այն, որ ծառահատումներն ավելի հաճախ գրանցվում են գիշերը եւ հանգստյան օրերին։ Համենյան դեպս, մարդիկ պետք է տաքացնեն իրենց տները, ինչի հետ կապված մարզերում արդեն բաշխվել է փայտանյութ, որը գոյացել է սանիտարական հատումներից։ Բացի այդ, ծրագրված 25 հազար քառակուսի մետր օրինական ծառահատման 80 տոկոսն արդեն կա վաճառքում, հիմնականում երկրի կենտրոնական մարզերում, որտեղ փայտանյութը, բնականաբար, թանկ արժե»,- նշել է նա։

Փոխնախարարն ավելացրել է, որ երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում է զարգացնել կենսաէներգետիկան, ինչի հետ կապված՝ երկու շաբաթ հետո Մոլդովա այցելություն կկազմակերպվի՝ բրիկետների արտադրության հաջող փորձի ուսումնասիրման նպատակով։ «Այս ուղղությունը կարող է ոչ միայն բավարարել էներգետիկայի պահանջմունքը, այլեւ խթան հանդիսանալ արտադրության ճյուղի զարգացման համար, որի պոտենցիալը Հայաստանում կա, մասնավորապես՝ Հրազդանում եւ Չարենցավանում»,- հավաստիացրել է փոխնախարարը։

Պաշտոնյան ներկայացրել է տվյալներ, որոնց համաձայն՝ հուլիսին Դիլիջանի վերահսկողության կետով անցել է 10 անգամ ավելի քիչ մեքենա, քան առաջ, ինչը, նրա կարծիքով, կապված է այն գիտակցման հետ, որ բոլոր փոխադրամիջոցները, անգամ առկա անհրաժեշտ փաստաթղթերը մանրազնին ստուգվում են։

Վարդան Մելիքյանը նշել է, որ փորձագետները խոսում են այն մասին, թե ծառահատման ծավալը հասնում է 1-2 մլն ծառերի, բայց պետք է հաշվի առնել, որ ավելացել է գրանցված խախտումների թիվը, իսկ ահա փաստացիները նվազել են։ «Շատ կարեւոր է «Հայանտառի» դիրքերի ուժեղացումը, ինչի հետ կապված անցկացվել են բարեփոխումեր, 15 հազար դրամով բարձրացվել է անտառապահների աշխատավարձը։ Բայց հասկանալի է, որ դա բավարար չէ, եւ պետք է մշակել լրացուցիչ ավելացման տարբերակներ։ Բացի այդ, առաջին անգամ «Հայանտառի» հետ համագործակցության ընթացքում տրվել են համազգեստներ։ Պլանների մեջ է նաեւ կադրերի վերապատրաստման դասընթացների կազմակերպումը»,- ասել է Վարդան Մելիքյանը։

Փոխնախարարն ավելացրել է, որ  անտառներում տեսախցիկներ չկան, բայց կան սենսորային տվիչներ Ստեփանավանի անտառներում, որոնք գրանցում են ծուխը, ավտոմեքենաների եւ բենզասղոցի աղմուկը, բայց գլխավոր խնդիրը մարդկային պոտենցիալի ավելացումն է։ «Դրա հետ է կապված նաեւ այն, որ ծառահատումներն ամենից հաճախ գրանցվում են գիշերն ու հանգստյան օրերին»,- ամփոփել է նա։