Կիեւում հողի վաճառքի մորատորիումը հանելու դեմ հանդես եկողները Գերագույն ռադայի շենքի մոտ են բերել դագաղով խոզ, տեղեկացնում է «112-Ուկրաինա ալիքը։

Ակտիվիստների խոսքով՝ նրանք նախատեսում են կենդանուն թաղել դագաղով քաղաքի կենտրոնում, Սահմանադրության հրապարակում։

Գյուղատնտեսները բացատրել են, որ մորատորիումը հանելու դեպքում նրանք ստիպված կլինեն իրենց անասունը մորթել, որպեսզի փող հավաքեն եւ մրցակցեն խոշոր ագրոհոլդինգների հետ։ Համաուկրաինական ագրարային խորհրդի փոխղեկավար Դենիս Մարչուկի խոսքով՝ հոլդինգներին չի հետաքրքրում գյուղացիների կյանքը, նրանց համար կարեւոր է միայն շահույթը։

«Իսկ մեզ պետք է, որպեսզի մարդիկ ապրեն, բարգավաճի գյուղը, կառուցվեն այգիներ, դպրոցներ, որպեսզի երիտասարդ ընտանիքները մնան Ուկրաինայում»,- ավելացրել է Մարչուկը։

Հիշեցնենք, որ 2001 թվականի հունվարի 18-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունեց № 2242-III օրենքը, որով սահմանվում էր, որ ժամանակավորապես, մինչեւ Հողային օրենսգրքի ընդունումը, փայատերերը չեն կարող վաճառել, նվիրել կամ այլ կերպ օտարել հողամասերը, բայց կարող են այն փոխանցել իբրեւ ժառանգություն եւ վաճառել  պետական ու հանրային կարիքների համար։

Ինչպես հայտնի է, № 2768-III Հողային օրենսգիրքը ընդունվեց խորհրդարանի կողմից նույն թվականի հոկտեմբերի 25-ին։ Փաստաթղթի օգնությամբ սահմանեցին, որ մինչեւ 2005 թվականի հունվարի 1-ը չի կարելի վաճառել կամ օտարել հողը գյուղատնտեսություն վարելու համար (թույլատրվում է փոխանակել, ժառանգություն հանձնել եւ վերցնել հանրային կարիքների համար)։ Այդ ժամանակվանից դա անվանում են գյուղտնտհողերի վաճառքի մորատորիում։ Ժամանակավոր արգելքի գործողությունը երկարացրել են 10 անգամ (2004, 2006, 2008, 2010, 2011, 2012, 2015, 2016, 2017 եւ 2018 թվականներին)։