Լոնդոնի կենտրոնական մասում գտնվող Նյու Բոնդ սթրիթը ստացել է Եվրոպայի ամենաթանկ փողոցի կարգավիճակ 2019 թվականին։ Այս մասին վկայում են «Աշխարհի գլխավոր փողոցները» հաշվետվության տվյալները, որոնք հրապարակվել են Cushman & Wakefield միջազգային քոնսալթինգային ընկերության կողմից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Վարկանիշում համեմատվել են աշխարհի 68 երկրների ամենաթանկ 448 փողոցների միջին վարձակալական դրույքները։ Cushman & Wakefield-ի տվյալներով՝ Նյու Բոնդ սթրիթի միջին վարփակալական դրույքը կազմել է մոտ 16,2 հազար եվրո տարեկան՝ մեկ քառակուսի մետրի համար (1,7 հազար դոլար մեկ քառակոսւի ֆուտի համար)։ Փողոցն աչքի է ընկել նրանով, որ այդտեղ են գտնվում հանրահռչակ բրենդների խանութները՝  Louis Vuitton, Chanel եւ Mulberry։

Միեւնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է, որ Նյու Բոնդ սթրիթը մտել է աշխարհի ամենաթանկ փողոցների եռյակ։ «Մեծ Բրիտանիա, Լոնդոն, Նյու Բոնդ սթրիթ՝ 3-րդ տեղ։ 2018-ի վարկանիշում՝ 3-րդ տեղ»,- նշվում է հաշվետվությունում։

Առաջին հորիզոնականում, ինչպես եւ անցած տարի, հոնկոնգյան Քոզուեյ Բեյն է՝ տարեկան 25,9 հազար եվրո մեկ քառ. մետրի համար (2,7 դոլար քառակուսի ֆուտի համար)։ Երկրորդ տեղը, ըստ հաշվետվության, Նյու Յորքի Հինգերորդ ավենյուն է։ Միջին վարձակալական դրույքը կազմել է տարեկան 21,2 հազ. եվրո մեկ քառակուսի մետրի համար (2,3 հազ. դոլար մեկ քառակուսի ֆուտի համար)։ Նշվում է նաեւ, որ մեկ տարում Հինգերորդ ավենյուի վարձակալական դրույքը չի փոխվել։

Փաստաթղթի հեղինակներն ընդգծում են նաեւ, որ Մոսկվայի կենտրոնի Ստոլեշնիկով նրբանցքը կորցրել է մեկ դիրք՝ զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը աշխարհի ամենաթանկ փողոցների վարկանիշում։ Վարձակալման միջին դրույքը կազմել է 2,7 հազ. եվրո (288 դոլար)։