2020 թվականի բյուջեի նախագծով Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 2020-ին կաճի: Այս մասին նոյեմբերի 13-ին ԱԺ նիստում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ նրա՝ ակնկալվում է գրեթե 529 մլրդ դրամի աճ՝ 2019-ի վերջին ակնկալվող 6,5 մլրդ դրամից մինչեւ փաստաթղթում ամրագրված 7,01 մլրդ դրամ: Ակնկալվում է, որ ՀՆԱ իրական ծավալի ինդեքսը կհասնի 104,9 տոկոսի՝ ընթացիկ տարեվերջին կանխատեսվող 106,3 տոկոսի դիմաց եւ 2018-ի փաստացի 105,2 տոկոսի: ՀՆԱ-ի դեֆլյատորը կկազմի 103 տոկոս՝ 2019 թվականի 102,9 տոկոսի դիմաց եւ 2018-ի փաստացի 102,5 տոկոսի:

Ընդ որում՝ պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամ, ինչը կազմում է բյուջեի կանխատեսվող եկամուտների 94,4 տոկոսը՝ 2019-ի համար բյուջեում ամրագրված 1 տրլն 401 մլրդ դրամի դիմաց:

Ակնկալվում են 33,8 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ՝ 2019-ի 39,5 մլրդ դրամի դիմաց, իսկ այլ եկամուտներ՝ 61,7 մլրդ դրամ ընթացիկ տարվա համար հաստատված 55,1 մլրդ դրամի դիմաց:

Դրանից բացի, 2020 թվականին պետական գանձարանի հարկային եկամուտների տեսակարար կշիռը 2019-ի համեմատությամբ կաճի 0,3 տոկոսային կետով՝ մինչեւ 22,6 տոկոս: Պետտուրքերի գծով պետգանձարան մուտքերը նախատեսված են 44,6 մլրդ դրամի մակարդակում 2019 թվականի համար հաստատված 39,4 մլրդ դրամի դիմաց եւ 2018 թվականի համար փաստացի 37,7 մլրդ դրամի:

Ընդ որում՝ 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանը արտասահմանյան պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ակնկալում է ստանալ 33,8 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ՝ 31 մլրդ դրամի փոխարեն, որոնք նախատեսված են Միջնաժամկետ ծախսերի ծրագրով: Սա, ֆինանսների նախարարի խոսքով,  պայմանավորված է ինչպես առաջարկվող գումարների չափերի եւ ծավալի ճշգրտմամբ, այնպես էլ եվրոյի եւ ամերիկյան դոլարի փոխարժեքի տատանումների պատճառով հաշվարկների փոփոխությամբ, որոնք դրված էին հաշվարկների հիմքում: Մասնավորապես՝ Միջնաժամկետ ծախսերի ծրագրով  հաշվարկների հիմքում դրվել է դոլարի եւ եվրոյի դիմաց համապատասխանաբար՝ 486,42 եւ 546,54 դրամ ցուցանիշը, իսկ արդեն բուն նախագծում հաշվարկներ են կատարվել հետեւյալ փոխարժեքի հիմքով՝ 476,17 եւ 522,03 դրամ: