2020 թվականին կապիտալ ծախսերը Հայաստանում կհասնեն 5 տոկոսի 2019-ի 2,8 տոկոսի փոխարեն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 13-ին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով՝ առողջապահության ծախսերը կավելանան 22 տոկոսով, իսկ կրթության եւ սոցիալական ծախսերը՝ 11 տոկոսով։

Այնուամենայնիվ, անգամ այս պայմաններում Ջանջուղազյանն ակնկալում է, որ պետպարտքի բեռը կնվազի։ «Հայաստանի պետպարտքը կհասնի ՀՆԱ 50 տոկոսից ցածր մակարդակի։ Միեւնույն ժամանակ, այդ մակարդակին, ամենայն հավանականությամբ, մենք կարող ենք հասնել արդեն ընթացիկ տարվա վերջին»,- ընդգծել է նախարարը։