2020թ. պետական բյուջեով բազմաթիվ անհասկանալի ծախսեր են նախատեսված, հստակ չէ դրանց հիմնավորվածությունը, թափանցիկ եւ արժանահավատ չեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով, պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր հոդվածներով «այլ ծախսեր» հոդվածներում նախատեսված են գումարներ, որոնք թափանցիկ չեն, չի հասկացվում է, թե ինչի վրա են դրանք ծախսվելու:

«Օրինակ, անհասկանալի է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի «այլ ծախսեր» հոդվածը: Դրա համար նախատեսված է 11 մլրդ 856 միլիոն դրամ: Կրկին անհասկանալի է, թե ինչ ծախսեր են, որոնք բացվածք չունեն, եւ մենք չգիտենք` ինչի համար պետք է ծախսեր իրականացնենք»,-նշեց նա:

Բագրատյանը խնդրահարույց համարեց նաեւ գիտության ոլորտին հատկացվող բյուջեի 1.5 մլրդ դրամ թերֆինանսավորումը: «Եթե մենք համարում ենք, որ տնտեսություն պետք է անցկացնենք գիտելիքահենք գործառույթով եւ գիտելիքահենքությունը պետք է ապահովենք գիտության նկատմամբ վերաբերմունքով, եւ մենք 1.5 մլրդ դրամ նվազեցնում ենք հատկացվող ծախսերը, այլեւս գիտության պահպանման խնդիր ենք լուծում: Այսինքն` ընդամենը աշխատավարձ ստանան, կարողանան հացի խնդիր լուծել: Գիտությունն այդպես չեն զարգացնում»,-նշեց Բագրատյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանն էլ ուշադրություն հրավիրեց 2020 թ. պետական բյուջեով նախատեսված սոցիալական ոլորտին, մասնավորապես, զբաղվածության ծրագրերին:

«Մենք ունենք 2019 թ. պետական բյուջեով կատարված որոշակի ծրագրեր, եւ նույն ծրագրերը նույնությամբ նախատեսել ենք 2020 թ.: Պետական քաղաքականությունը սոցիալական ոլորտում միանշանակ պետք է միտված լինի աղքատության հաղթահարմանը, եւ զբաղվածության ոլորտում իրականացվող այդ ծրագրերը պետք է խթան լինեն, որ Հայաստանի Հանրապետությունում հաղթահարվի աղքատությունը»,-ասաց պատգամավորը` նշելով, թե զբաղվածության ոլորտում  1 մլրդ 820 մլն-ի ծրագիր է իրականացվում, բայց որեւէ ծրագրի վերաբերյալ չկա որոշակի վերլուծություն, կամ, թե ինչպիսի մեթոդաբանություն է կիրառվում, եւ ինչպիսի արդյունք է ակնկալվում:

«Այս բոլոր ծրագրերը, կարելի է ասել, անարդյունավետ ծրագրեր են: Դրանց մեջ եղել են այնպիսիք, որ նույնիսկ ժամանակին հանվել են` ոչ արդյունավետ լինելու պատճառով, սակայն, չգիտես ինչու, այսօր նույնպես հայտնվել են 2020 թ. պետական բյուջեում»,-ասաց Արթուր Գրիգորյանը: