2020 թվականի մարտի 1-ից Եվրասիական տնտեսական միության երկրներից Ռուսաստան հնարավոր կլինի կոշկեղեն ներմուծել միայն համապատասխան մակնշմամբ: Այս մասին նոյեմբերի 13-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի օգնական Վիկտոր Գրիդնեւը:

Նա նշեց, որ Հայաստանից Ռուսաստան է ներմուծվում մեծ ծավալով կոշկեղեն՝ տարեկան մինչեւ 1,5 մլն զույգ, եւ տնտեսվարող սուբյեկտների համար կարեւոր է իմանալ փոփոխությունների մասին:

Գրիդնեւը նշեց, որ այսպիսի նորմա է արդեն գործում ծխախոտային արտադրանքի ներմուծման համար, եւ ռուսական կողմը նախնական աշխատանք է կատարել Հայաստանի ծխախոտ արտադրող խոշոր ընկերությունների հետ:

Պաշտոնյան հիշեցրեց, որ փորձնական ծրագիրը գործարկվել է 3 տարի առաջ, երբ ԵՏՄ որոշ երկրներում մտցվեց մուշտակի մակնշումը, ինչի արդյունքում պարզվեց, որ այս շուկան, օրինակ, Ռուսաստանի տարածքում 4 – 5 անգամ մեծ էր: «Սա խոսում է այն մասին, որ մակնշումը կարեւոր է ոչ միայն կեղծումների դեմ պայքարի տեսակետից, այլեւ արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչը կարեւոր է պետությունների բյուջեներ անհրաժեշտ հարկային մուտքերի ապահովման համար»,- նշեց նա:

Գրիդնեւը հավելեց, որ ընդհանրապես ԵՏՄ տարածքում նախատեսվում է մտցնել 12 տեսակի ապրանքների մակնշում, որոնց թվում են ֆոտոապրանքները, դողերը, թեթեւ արդյունաբերության ապրանքները, օծանելիքը, բուրավետ ջուրը եւ այլն: «Ռուսաստանում մշակվում է նաեւ մակնշում մտցնել հեծանիվի եւ կաթի համար»,- նշեց նա:

Պաշտոնյան պարզաբանեց, որ տեղերում մակնշման հետ կապված հարցը համակարգելու են օպերատորները՝ ԵՏՄ երկրներից յուրաքանչյուրից, իրազեկելով փոփոխությունների մասին:

Նրա խոսքով՝ այսօր որոշ դեպքերում գոյություն ունի նաեւ վերջնական արտադրանքը հումքից ապրանք տարբերակելու խնդիրը: Օրինակ՝ անվադողը կարող է դիտարկվել թե՛ որպես վերջնական արտադրանք, թե՛ որպես ավտոմեքենան հավաքող մաս:

Վիկտոր Գրիդնեւը կարեւորեց վստահության առկայությունը, որ այս կամ այն փաստաթղթավորումը միատեսակ մեկնաբանվի ԵՄ բոլոր երկրներում եւ բիզնեսի համար խոչընդոտ չդառնա: Սրա հետ է կապված նաեւ գյուղարտադրանքի հնարավոր մակնշումը, որը կարող է իրականացվել թափանցիկ, միասնական անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական սերտիֆիկացման միջոցով:

«Նախատեսվում է ընդլայնել թվային օրակարգը` դրա մեջ ներառելով ագրոարդյունաբերական համալիրը եւ աշխատանքային ռեսուրսները: Այս ամենն արվում է, մի կողմից, նվազագույնի հասցնելու եւ բացառելու համար կեղծված արտադրանքի տարածումը, մյուս կողմից՝ ապահովելու ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը ԵՏՄ տարածքում»,- հավաստիացրեց պաշտոնյան՝ համոզմունք հայտնելով, որ 2020-2021 թվականները կդառնան մշակվող ծրագրերի անմիջական իրականացման շրջան, ինչը ինտեգրացիան որակապես նոր մակարդակի կհասցնի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-13-ին Երեւանում անցկացվեց «Հակակեղծում – 2019» 7-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության հակազդմանը, այդ թվում մտավոր սեփականության իկրավունքների պաշտպանությանը: