Նոյեմբերի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:

Փոխվարչապետը ընդգծել է, որ Գերմանիան հանդիսանում է Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը, եւ վերջին մեկուկես տարվա ընթացքում հարաբերությունները լուրջ զարգացում են ապրել, ինչին մեծապես նպաստել են բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները եւ դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Դեսպան Բանցհաֆի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման գերակայությունները եւ երկրում ընթացող բարեփոխումների գործընթացը:

Տիգրան Ավինյանը նաեւ անդրադարձել է հանքարդյունաբերությանը` նշելով, որ ոլորտի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը կառավարության կարեւոր նպատակներից է:

Զրուցակիցները քննարկել են առեւտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գիտակրթական ու տարածքային կառավարման ոլորտներին վերաբերող հարցեր: Տիգրան Ավինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հատկապես արհեստական բանականության ոլորտի խթանմանը: Այս համատեքստում նա կարեւորել է Գերմանիայի հետ հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը: