ԱՄՆ-ն եւ արեւմտյան այլ երկրներ Եգիպտոսին կոչ են արել հետաքննել անվտանգության ուժերի կողմից ենթադրյալ սպանություններն ու խոշտանգումները եւ ազատ արձակել լրագրողներին ու այլ անձանց, հաղորդում է Reuters-ը:

Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը 5 տարվա մեջ առաջին անգամ դիտարկում է Եգիպտոսի պատմությունը ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների մշտական ստուգման շրջանակում:

«Ընդունելով ահաբեկչության սպառնալիքը, որին բախվում է Եգիպտոսը, մենք կոչ ենք անում կառավարությանը դիմադրել այդ սպառնալիքին, թուլացնել մտքի, խաղաղ հավաքների ազատության սահմանափակումներն ու ապահովել արդար դատական հետաքննությունը»,- հայտարարել է ԱՄՆ մարդու իրավունքների հարցերով խորհրդական Դանիել Քրոնենֆելդը:

Մեծ Բրիտանիան եւ Շվեդիան եւս մտահոգություն են հայտնել ակտիվիստների դեմ սահմանափակումների առիթով:

Եգիպտական պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ խոշտանգումների «ընդհանուր արգելք» գոյություն ունի, չնայած դրան, նա հավելել է, որ կարող են «հատուկենտ դեպքեր» լինել: «Վերջին 5 տարվա ընթացքում հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր՝ կապված խոշտանգումների հետ, դատական գործընթացներ են կազմակերպվել անձանց դեմ, որոնք մեղադրվում են խոշտանգումների եւ կոշտ վերաբերմունքի համար»,- ասել է նա:

Եգիպտոսում ձերբակալությունների վերջին ալիքը, իրավապաշտպանների խոսքով, ամենաինտենսիվն է եղել վերջին տարիների ընթացքում:

Մարդու իրավունքների եւ ազատությունների հարցերով եգիպտական հանձնաժողովի խոսքով՝ մոտ 300 մարդ, այդ թվում իրավաբաններ եւ գիտնականներ, կալանքի տակ են պահվում այնպիսի մեղադրանքներով, ինչպիսիք են՝ կեղծ նորությունների տարածման համար սոցցանցերի օգտագործում, արգելված ահաբեկչական խմբերին անդամակցում եւ չարտոնված ցույցեր: