Հայաստանի պես փոքր երկրներում 4-5 տոկոս տնտեսական աճը բավարար չէ տնտեսական հեղափոխության հասնելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Այս տարվա 9 ամիսների կտրվածքով արդյունաբերության 9 տոկոս աճի մեջ 16 տոկոսը դեռ կազմում է հանքարդյունաբերությունը: Այսինքն այն խնդիրները, որ դնում ենք, լուծումները դանդաղ են ընթանում: Ընդհանրապես, որտեղ բիզնեսի համար պարարտ հող կա, բիզնեսը գալու է: Եթե չի գալիս, նշանակում է ինչ-որ բան այն չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց քննադատության թիրախում ողջ կառավարությունն է:

Հարցին, թե բյուջեի նախագծում դրական կետեր չկա՞ն, Մելքումյանը նշեց, որ եթե մարդու օրգանիզմը հիվանդ է, առողջ օրգանների մասին մարդը մոռանում է:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, որ սխալ կլինի, որ ԲՀԿ-ն լինելով ընդդիմություն, գովերգի իշխանությանը. «Եթե դրական դինամիկա ունեն, թող իրենք ներկայացնեն: Մենք լավի մասին չենք խոսելու, քննադատելու ենք բացթողումները»: