Հայաստանին ԱԷԿ արդիականացման մասով հատկացված վարկի մարումը նախատեսվում է երկարացնել եւս երկու տարով, ինչի պատճառով կարող է առաջանալ 6 մլրդ դրամի չափով միջոցների դեֆիցիտ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 13-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։

Խորհրդարանականը, մասնավորապես, հետաքրքրվեց նախարարից, թե ինչպես է մարվելու 6 մլրդ դրամի հնարավոր դեֆիցիտը ԱԷԿ վարկի մարման ժամկետի երկարացման հետ կապված։

Ի պատասխան Ա.Ջանջուղազյանն ասաց, որ այդ հարցը քննարկման փուլում է եւ անպայման կլուծվի։

«Մենք դեռ ժամանակ ունենք հասկանալու, թե ինչպես լուծենք այդ հարցը։ Եթե չեմ սխալվում, մենք մինչեւ 2020 թվականի հունվար ժամանակ ունենք։ Կառավարությունը դա կարող է անել նաեւ իր լիազորությունների շրջանակում, քանի որ այն կախված է ինչպես չափից, այնպես էլ ժամկետներից ու պայմաններից, որոնց դեպքում սպասվում է, որ խնդիրը կլուծվի»,- նշել է նախարարը։