2020-ին Հայաստան ներմուծվող ապրանքների ընդհանուր թանկացումը կկազմի ընդամենը 0,5 տոկոս: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:

Պատգամավորը, մասնավորապես, նկատեց, որ հունվարի 1-ին լրանում է Հայաստան 699 ապրանքի ներմուծման արտոնյալ տուրքերի գործողությունների ժամկետը, այդ թվում են՝ ցորեն, միս, ձու, դեղորայք եւ ավտոմեքենաներ: Արդյունքում ուժի մեջ կմտնեն ավելի բարձ մաքսատուրքեր, որոնք գործում են Եվրասիական տնտեսական միության երկրներում:

«Հաջորդ շաբաթվա ընթացքում մենք կհրապարակենք տվյալներ այն մասին, թե որքան արժեք ունեն այդ ապրանքները մեր սպառողական զամբյուղում՝ համաձայն պաշտոնական մեթոդաբանության»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը նաեւ վստահեցրեց, որ հաջորդ տարի գների բարձրացումը կլինի 2020-ի պետբյուջեի նախագծով նախատեսված սահմաններում, ինչի շնորհիվ ՀՀ քաղաքացիներն իրենց վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չեն զգա: