Եթե «հայոց լեզու», «հայ գրականություն», «Հայաստանի պատմություն» առարկաները բուհերում պարտադիր են, ապա դա նշանակում է, որ դպրոցներում այդ առարկաների պատշաճ ուսուցում չի եղել։ Այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Վարչապետի կարծիքով, եթե Հայաստանը ուզում է միջազգային մակարդակին համապատասխան կրթություն ապահովել, ապա տվյալ առարկաների ուսուցումը բուհերում նույնպես պետք է այլ տեսակետից դիտարկել։

«Եկեք հասկանանք։ Օրինակ, պարտադի՞ր է արդյոք Սորբոնում կամ Քեմբրիջի համալսարանում անգլերեն լեզվի ուսուցումը։ Նրանց մոտ ակադեմիական ազատություն է գործում, եւ եթե համալսարանն ուզում է, որ իրենց մոտ դա պարտադիր առարկա լինի, ապա թող պարտադիր լինի»,- պարզաբանեց կառավարության ղեկավարը։

Փաշինյանի խոսքերով, եթե Հայաստանը ցանկանում է տեխնոլոգիական երկիր դառնալ, նա պարտավոր է ուսանողների համար ապահովել այնպիսի առարկաների ուսուցումն, ինչպիսին են մաթեմատիկան, ինժեներիան եւ այլն։