Վաշինգտոնում Վերաքննիչ դատարանը երեկ մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանների բողոքարկումը, որոնք փորձում էին վիճարկել դատական ստորին ատյանի որոշումը, որով Կոնգրեսին թույլ էր տրվել հասանելիություն ստանալ պետության ղեկավարի հարկային հայտարարագրերին, հայտնում է Bloomberg-ը:

Այս տարվա հոկտեմբերին Կոլումբիա մայրաքաղաքային շրջանի դատարանը որոշել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի համապատասխան կոմիտեն Թրամփից նրա վերջին մի քանի տարիների հարկային հայտարարագրերը պահանջելու իրավասություն ունի: Նախագահը, որն ընդդիմանում է իր հարկային պահումների մասին տեղեկությունների հրապարակայնացմանը, այս որոշումը բողոքարկել էր:

Bloomberg-ը նշում է, որ Վերաքննիչ դատարանը պաշտպանել է ստորին ատյանի որոշումը, սակայն սա չի նշանակում, որ կոնգրեսականները կարող են ցանկալի տեղեկություններին անմիջապես հասանելիություն սատնալ: ԱՄՆ առաջնորդի իրավաբաններից մեկը՝ Ջեյ Սեկուլովը, հայտնել է, որ Թրամփը մտադիր է այս որոշումը բողոքարկել ԱՄՆ Գերագույն դատարանում:

Սա վերջին ամսվա ընթացում Միացյալ Նահանգների նախագահի արդեն երկրորդ պարտությունն է ամերիկյան դատարաններում այն գործերով, որոնք առնչվում են իր հարկային հայտարարագրերի հրապարակմանը: Ավելի վաղ Նյու Յորքի Վերաքննիչ դատարանը պաշտպանել էր ստորին ատյանի որոշումը, որով մերժվել էր Թրամփի փաստաբանների փորձը արգելել նյույորքյան դատախազաություն ներկայացնել 2011 թվականից սկսած նրա հարկային տեղեկատվությունը: