Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 14-ի նիստում որոշում կայացրեց՝ կապված նոր սերնդի ՀԴՄ սարքերի պահանջների հետ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ նոր սերնդի ՀԴՄ սարքերը պետք է նաեւ պոստ տերմինալի ֆունկցիա ունենան:

«Առաջարկում ենք սահմանել, որ եթե բոլոր մնացած տեխնիկական պահանջները բավարարված են, այսինքն ՀԴՄ-ն համապատասխանում է տեխնիկական պահանջներին,  ապա պայման ենք դնում, որ 6 ամսվա ընթացքում այդ պոստ տերմինայի ֆունկցիան պետք է եւս ակտիվացվի: Սրանով հնարավորություն կտանք, որ ոլորտի ազատականացման գործընթացում տնտեսվարողները օր առաջ կարողանան գործունեություն ծավալել»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Նախ որքանո՞վ է դա համապատասխանում կանխիկի շրջանառությունը կրճատելուն, ապա նաեւ ընդհանրապես վերացնելուն: Երկրորդ, պետք է խոստովանենք, որ ՀԴՄ-ների ոլորտում խնդիր ենք ստեղծել: Այն խնդիրը, որ ասել ենք, որ ՀԴՄ-ների ներմուծման ոլորտում պետական մենաշնորհ չպետք է լինի, մենք շուկան ազատականացրեցինք, ինչի արդյունքում առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ: Ըստ էության, եղած ՀԴՄ-ներն արագ սպառվեցին, կապված նաեւ նրա հետ, որ գներն իջեցրինք»: