Գազայի հատվածի իսրայելական գնդակոծումների ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի, եւս 111-ը վիրավորվել է։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում լրատվական  Donia Al Watan պորտալը՝ հղում կատարելով անկլավի առողջապահության նախարարությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Միայն անցած գիշեր, երբ Դեյր Բալահ քաղաքի շրջանում հասցված ավիահարվածի հետեւանքով ավերվեց մեկ տուն, զոհվել է ութ արաբ՝ մի ընտանիքի անդամներ։ Զոհվածների մեջ, պաղեստինյան կողմի տվյալներով, կան կանայք եւ երեխաներ։

Պաղեստինյան խմբավորումները եւ Իսրայելի բանակը երկու օրվա ընթացքում հարվածներ են փոխանակել այն բանից հետո, երբ նոյեմբերի 12-ի լուսաբացին ռմբակոծման հեռեւանքով սպանվել էին «Իսլամական ջիհադ» խմբավորման ազդեցիկ հրամանատար Բահա Աբու ալ Աթան եւ նրա կինը։ Երկու օրում Գազայից հրեական պետության տարածքով արձակվել է ավելի քան 400 հրթիռ եւ ականներ, իսրայելական զինվորականները խոցել են տասնյակ թիրախներ, առաջին հերթին՝ արմատականներին պատկանող օբյեկտներ։

Անցած գիշեր, Եգիպտոսի միջնորդական ջանքերի շնորհիվ, ձեռք է բերվել պայմանավորվածություն հրադադարի մասին։ Այն Գազայում ուժի մեջ է մտել հինգշաբթի, տեղի ժամանակով ժամը 05.30-ին, ինչը, ինչպես տեղեկացնում է Мааn գործակալությունը, հաստատել է «Իսլամական ջիհադի» պաշտոնական ներկայացուցիչ Մուսաբ ալ Բուրաիմը։ Այնինչ, արդեն գործարքի ձեռքբերումից հետո Իսրայելի դեմ հրթիռ է արձակվել, իսկ հրեական պետության տարածքից երեք անգամ գործել են օդային տագնապի ազդանշանները։