Զգում եմ, որ կարծիքների արտահայտելուն բռնանում են, հատկապես Հայաստանի Հանրապետության առաջին համարի կողմից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ քրեական հեղինակությունների պատասխանատվության ենթարկել առաջարկող օրինագծի դեմ արտահայտվող պատգամավորներն ու քաղաքական դեմքերը՝ «կփռվեն ասֆալտին», «կպառկցնեն գետնին՝ բառի բուն իմաստով։

«Չեն զգո՞ւմ, որ ես այդպիսի մարդ չեմ, որ նմանատիպ բաներից վախենամ։ Ես միայն ահեղ դատաստանից եմ վախենում։ Դավիթ Մարգարեն ասում է՝ ձեր հույսը մի դրեք ձեր պաշտոնի, փողերի, կուսակցությունների վրա, ես թագավորը կսարքեմ փոշի, հովիվը կսարքեմ թագավոր, ես բարձրացնեմ , ես ցածրացնեմ։ Խայամն էլ ասում է՝ անցորդ, ոտքդ զգույշ դիր հողին, ով գիտի, թե էն սիրունի բիբն ես կոխում դու հիմի․․․ Մենք միայն Աստծուց վախենանք, թե չէ․․․ 60 տարեկան եմ, ամբողջ մարմինս սպիների մեջ է։ Հետո էլ, որ սոխ չես կերել սիրտդ չի մրմռում։ Տեսե՞լ եք նախկին քաղաքապետերը ազգի շահեր պաշտպանեն։ Եթե կեղտոտություն արած լինեինք՝ խելոք գլուխներս կկախեինք»,- ասաց Ղուկասյանը։

Նիկոլ Փաշինյանի այն շեշտադրմանը, որ Ղուկասյանը ժամանակին թալանել է Գյումրին՝ պատգամավորն ասաց, որ Հայաստանում եւ Խորհրդային ժամանակներում անգամ չէ եղել մի կառույցլ, որ իր պես մաքուր ու թափանցիկ աշխատի․

«Դահլիճում չեմ եղել լսել եմ։ Ցավում եմ, որ իմ խոսելը զայրույթ է առաջացրել մեր հարգարժան վարչապետի մոտ, սակայն ես խոսել եմ իմ ազգի շահերից, սխալ բան չեմ ասել։ Յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքը իրավունք ունի հայտնելու։ Իմ աշխատած տարիներին Հայաստանի ոչ մի կառույց մեզ պես մաքուր ու թափանցիկ չի աշխատել, եւ ոչ միայն Հայաստանում այլեւ Խորհրդային միության բոլոր երկրներում։ Ոչ թե հիմա է առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել պարոն վարչապետը, այլ ես եմ ընտրվել այն ժամանակ առանց կեղծիքի եւ կաշառքի։

Իր քաղաքական հենարան հանդիսացող եւ քաղաքական մեծ եղբայր հանդիսացող ՀՀՇ-ն, երբ 1996 թվականին հաղթեցինք ամբողջ պետական ապարատով այդ արկղները վերցրին ու դրեցին այն կողմը ու անցավ մեկ այլ թեկնածու։ Եվ թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ։ ՀՀՇ-ի այն ժամանակվա բարձրաստիճան բոլորի ղեկավարիների օրոք այնքան գումար եկավ Հայաստան, որ ոչ միայն Գյումրին կկառուցվեր, այլեւ 3 անգամ Հայաստանի Հանրապետություն կկառուցվեր։ 37 գործարան թալանվեց։ Այն ժամանակվա մեքենա սարքավորումները վաճառվեցին Թուրքիային եւ Պարսկաստանին։ Ամբողջ քաղաքը թալանվեց եւ 31 տարի մենք մնացինք այդ տնակների մեջ։ Մեղքը իր քաղաքական թիմի մասին է խոսքը, որտեղից որ ինքը ծնվել է, նրանք են թալանել։ Իմ աշխատած տարիներին ժողովուրդն ինձ 35 հազար ձայն է տվել այն պայմաններում, որ պետությունն ինձ միշտ դեմ է եղել»։

ԲՀԿ պատգամավորն ընդգծեց, որ ինքը վախենալու ոչինչ չունի, կարող են ստուգել իր՝ քաղաքապետ ընտրվելու ժամանակ արդյոք եղե՞լ են անօրինականություններ․ «Սերժ Սարգսյանի օրոք, ամեն 3 ամիսը մեկ, իմ կառույցը ստուգել են, փաստաթուղթ, թուղթ, ամեն ինչ ստուգված է իմ մոտ։ Էնքան բաներ կան, բերում գցում են մարդու գրպանը, տանում են, դեռ չգիտեմ՝ կապրենք, կտեսնենք։ Գաղութն էլ է մեզ համար, կյանքն էլ է մեզ համար, ասենք մարմինս կոտրեն, բա հոգիս հո չե՞ն կարող կոտրել, ես ոչ վախենում եմ մեռնելուց, ոչ՝ գումար կորցնելուց, ես էնպիսի հետաքրքիր մարդ եմ, որ ինձ պիտի լավ ուսումնասիրել»։

Դիտարկմանը, թե լուրեր են տարածվել, որ իր նկատմամբ մահափորձը եղել է կեղծ, Ղուկասյանն ասաց․ «Կե՞ղծ, ավտոմատով 7 հատ խփեն մարմնիս, 250 հատ ասկոլկա, ու ես համափորձ կազմակերպե՞ի։ Ուղղակի ծիծաղելի է։ Էդ ո՞ր ճիշտ խոսողին չքարկոծեցին, ո՞ր ժողովուրդը սիրող մարդուն չբանտարկեցին, չավիրեցին։ Հիշում եմ, երբ իրեն պետք է բանտարկեին ու մանդատից զրկեին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ, ես պաշտպանեցի իրենց բոլորին։ Եվ ասաց՝ ես կյանքում չեմ ստորագրի իմ ձեռքով մի բան, որ մեկին ուղարկեմ բանտ»։

Ղուկասյանը նշեց, որ ինքը հեղափոխության օրերին պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին․

«Այն որ հալածվել եմ նախկին իշխանությունների կողմից, հիմա նույնը կատարվում է։ Գուցե նույն մարդի՞կ են, օր օրի նոր բաներ է բացվում, ես չեմ հասկանում»։

Ղուկասյանը շեշտեց, որ իրենց կուսակցության անդամները չեն խրախուսում քրեական հեղինակություններին․ «Ոչ գողականն ենք խրախուսում, ոչ էլ գողերին։ Հստակ ասում ենք՝ ով հանցանք է գործում, թող ապացուցեն՝ հետո դատեն։ Կան օրենքներ, որ պետք է ավելացնեն։ Այսինքն՝ այդ 7 հոգին խանգարում են, որ երկիրը զարգանա՞։ Էնքան խնդիրներ ունենք, թող գնան մտածեն, որ մարդիկ սոված են։ Էնքան խնդիրներ ունենք, բայց դրել ենք գեյերը, ԼԳԲՏ-ները, էլ ԱԺ-ում բան ու գործ չկա։ Դրա համար արդեն էլ չեմ ուզում գալ»։

Անդրադառնալով վարչապետի այն խոսքին՝ կան պատգամավորներ, որոնք միջնորդավորված ձեւով սպառնում են հարակից զեկուցող պատգամավորին։ Եվ, որ մամուլում գրում են, թե վարչապետը նկատի ունի Վարդան Ղուկասյանին, եւ հարակից զեկուցողն էլ՝ Նազենի Բաղդասարյանն է, Ղուկասյանն ասաց․

«Ո՞վ է այդ աղջիկը, չեմ էլ ճանաչում, մորն եմ ճանաչել, իր մայրն էլ՝ «Ցայգ» հեռուստաընկերությունը, ինձնով ռեյտինգ ձեռք բերեց։ Հիմա այս աղջիկն էլի իմ անունն է շոշափում, որ առա՞ջ ընկնի։ Չեմ տեսել, բարեւ էլ չեմ տալիս, ոչ էլ ուզում եմ դրա երեսը․․․»։