2019-ին ձեռքբերված հաջողությունների եւ բարեփոխումների արդյունքում Հայաստանում հաջորդ տարի արտադրությունը պետք է բարելավվի, եւ պետք է նոր աճ գրանցվի: Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ դա շատ կարեւոր ցուցանիշ է միջազգային գնահատականի եւ վիճակագրության տեսանկյունից: «2018-ի տվյալներով Հայաստանում մեկ ժամում մեկ մարդն արտադրում է 6,1 դոլարի արտադրանք»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ԵՄ երկրների եւ ԱՄՆ-ի հետ համեմատ այդ ցուցանիշը միջինից ցածր է:

Խաչատրյանը նշեց, որ արտադրության երկարաժամկետ ու միջնաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը կլինեն կառավարության ուշադրության կենտրոնում: «Արտադրանքի եւ ծառայությունների արտահանումը պետք է վկայի այն մասին, որ մեր տնտեսության մրցունակությունը մեծացել է, եւ քանի որ մենք ունենք շուկայի սահմանափակ չափ, արտադրանքի իրացման սահմանափակ հնարավորություն, որոշակի խնդիրներ են առաջանում: Եթե արտադրությունը մեծանա, երկրում ներդրումային կլիման կփոխվի, ներդրումները աճեն, ապա այդ դեպքում մենք կկենտրոնանանք արտաքին շուկայի վրա, որպեսզի տարբեր սուբյեկտներ, որոնք գործում են տնտեսության ոլորտում, կարողանան ընդլայնվել»,- պարզաբանեց նախարարը: