Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է Պետական եկամուտների կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ  առեւտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետեւում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին եւ ծավալներին:

Համաձայն հրապարակված հերթական տեղեկատվության՝ ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում կազմել են 764.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 90.8 մլրդ ՀՀ դրամով կամ 13.5%-ով:

ՀՀ 17 առեւտրային բանկերը կազմելով  1000 խոշոր հարկատուների ցանկի ընդամենը 1.7 %-ը՝ նշված ժամանակահատվածում  վճարել են 42.3 մլրդ դրամի չափով հարկեր կամ ընդհանուրի 5.5%ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.6 մլրդ ՀՀ դրամով կամ 9.4%-ով:

Առեւտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում կազմել է 2 մլրդ 489 մլն դրամ եւ գերազանցել մնացած կազմակերպությունների միջինին, որը կազմել է  734 մլն դրամ:

Հավելենք, որ ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի եւ եկամտահարկի մասով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019 թվականի 9 ամիսների ընթացքում  կազմել է 298.2 մլրդ ՀՀ դրամ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 67.9 մլրդ դրամով կամ 29.5%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2019 թվականի 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 5.5 մլրդ դրամով կամ 15.9%-ով՝ կազմելով 40 մլրդ դրամ: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են: Առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում  ընթացիկ տարվա 9 ամիսների կտրվածքով, ուղղակի հարկերով, 12 առեւտրային բանկ գտնվում են առաջին  100-յակի ցուցակում:  2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առեւտրային բանկերի վճարած շահութահարկի եւ եկամտահարկի միջինը եղել է 2 մլրդ 354 մլն դրամ եւ մի քանի անգամ գերազանցել մնացած կազմակերպությունների միջինին, որը կազմել է 262 մլն դրամ: