2020 թվականին Հայաստանի ոստիկանությունում մտադիր են աննախադեպ մասշտաբային կառուցվածքային եւ կազմակերպչական բարեփոխումներ իրականացնել, սակայն հաջորդ տարվա համար բյուջեի նախագծով նման բարեփոխումներ նախատեսված չեն, եւ այդ պատճառով դրանց իրականացման համար միջոցներ չեն տրամադրվել: Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Ընդ որում, պատգամավորը մեջբերեց ոստիկանապետի պաշտոնակատարի հայտարարությունը, որն ավելի վաղ հայտնել էր, որ այդ միջոցները կտրամադրվեն այլ աղբյուրներից: «Ի՞նչ աղբյուրների մասին է խոսքը, եւ որքանով է դա իրատեսական»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Ի պատասխան՝ Ջանջուղազյանը նշեց, որ գործնականում չկան նախագծեր, որոնք արդյունավետության տեսանկյունից հիմնավորված կլինեն: «Տվյալ դեպքում պատճառը պետք է փնտրել ոչ թե ֆինանսական հնարավորություններում, այլ հենց նախագծի կենսունակության մեջ: Որքանով տեղյակ եմ՝ այժմ մենք գտնվում ենք այդ ծրագրի կատարելագործման եւ այն ավելի ամբողջական դարձնելու փուլում: Ներկայումս ռազմավարական ծրագրերը գտնվում են կառավարության քննարկման փուլում, եւ մենք միմյանց հետ դրանց ներդաշնակեցման խնդիր ունենք»,- ասաց նախարարը՝ ըստ էության չպատասխանելով հարցին: